14/02/2022 18:00
Երբ կա ավելորդ քաշ, նշանակում է՝ օրգանիզմը պարտվել է, չի կարողացել ձեր տված աշխատանքին համարժեք գործել. գրագետ նիհարելու խորհուրդներ՝ սննդաբանից (Մաս 1)
Շուտով գարուն է, և ձմռան ընթացքում նստակյաց ապրելակերպի ու սխալ սննդակարգի հետևանքով օրգանիզմում կուտակված ճարպը առավել քան երբևէ լուրջ անհարմարություն է պատճառում։
Ինչպե՞ս ազատվել ավելորդ կիլոգրամներից և գրագետ ձևով քաշ գցել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում խորհուրդներ է տվել սննդաբան Գայանե Շահխաթունին։
Մասնագետի խոսքով՝ քաշ կորցնելը ոչ միայն էսթետիկ բնույթ է կրում, այլև առողջության բարելավման գրավական է։
«Երբ ավելորդ քաշ է նկատվում, նշանակում է, որ օրգանիզմը պարտվել է, չի կարողացել ձեր տված աշխատանքին համարժեք գործել, և ըստ դրա՝ ճարպի տեսքով կուտակումներ են եղել։
Ինչո՞ւ է այդպես լինում. իհարկե, սրան նպաստում է նաև պասիվ կենսակերպը, սակայն վիտամինների պակասը ևս կարևոր գործոն է։ Բացի այդ՝ ձմռան ամիսներին ավելի քիչ բջջանք և ջուր ենք օգտագործում, ինչի արդյունքում նյութափոխանակությունն սկսում է կաղալ», - ասաց Գայանե Շահխաթունին՝ նյութափոխանակության և իմունիտետի բարձրացման տեսանկյունից կարևորելով հատկապես D վիտամինի դերը (վիտամինների քանակը, ըստ նրա, պետք է ստուգել թերապևտի կամ էնդոկրինոլոգի նշանակած համապատասխան անալիզների արդյունքում, և ոչ մի դեպքում ինքնուրույն վիտամինային կոմպելսներ չընդունել)։
Սննդաբանն ուշադրություն հրավիրեց այն հանագմանքի վրա, որ չի կարելի չափից արագ նիհարել, քանի որ արագ կորցրած կիլոգրամները, որպես կանոն, հետագայում կրկնակի արագ հետ են վերադառնում, բացի այդ՝ նիհարելու ոչ գրագետ պրոցեսը կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի, լյադ-լեղապարկային մի շարք խնդիրների։
«Քաշ կորցնելն օրգանիզմի համար լուրջ գործողություն է, որին մասնակցում են նյութափոխանակության բոլոր ապարատներն ու օրգանները։ Այդ է պատճառը, որ նիհարելուց առաջ պետք է գոնե մեկ մասնագետի հետ խորհրդակցել։ Պետք է հետևել մասնագետի տված ժամկետում և ցուցումով քաշ կորցնելու տարբերակին, այլ ոչ թե 5 օր շարունակ, ասենք, միայն խնձոր կամ հնդկաձավար ուտել», - ասաց մեր զրուցակիցը։
Գայանե Շահխաթունին գրագետ նիհարել ցանկացողներին մի քանի ընդհանրական խորհուրդ տվեց՝ նախևառաջ, պետք չէ կենտրոնանալ քաշ կորցնելու մտքի վրա. պետք է կենտրոնանալ այն բոլոր անելիքների վրա, որոնք պետք է անել և արդեն ամսվա վերջում ակատես կլինեք քաշի՝ թույլատրելի շեմի կորստի։ Երկրորդ, պետք է մինիմումի հասցնել պարզ ածխաջրերը՝ շաքարավազ և գլյուկոզա պարունակող ցանկացած սննդատեսակ, այդ թվում՝ քաղցր մրգերը։
«Շատ անգամ լսում եմ, երբ ասում են՝ ես քաղցր չեմ ուտում, միայն խուրմա եմ ուտում։ Բայց խուրմայի մեջ գլյուկոզայի քանակը շատ ավելի բարձր է, քան շաքարավազ պարունակող ցանկացած սննդի մեջ։ Նույնը վերաբերում է մեղրին։ Դրա համար էլ, եթե քաղցրակեր եք, ճիշտ է, որ օրական սահմանափակվեք 30 գրամ մաքուր շոկոլադով կամ գետնախնձորի օշարակով։ Սրանք շաքարի օրգանիկ փոխարինիչներ են և չեն գիրացնում։ Ես չեմ ասում, որ քաղցրավենիքը պետք է ընդհանրապես բացառել, որովհետև այդ պարագայում կունենաք հոգեբանական ճնշում։ Եթե նախկինում օրական 5 հատ շոկոլադ էիք ուտում, պետք է սկսել ուտել օրական 4, հետո՝ 3, այնուհետև՝ 2 շոկոլադ», - ասաց սննդաբանը։
Շարունակելի
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։