14/02/2022 15:39
Պատերազմի հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15 հազար արցախցու տրամադրվել է 15 հազար դրամ
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման նպատակով։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվել է 15 հազար ՀՀ դրամ։
Շահառուների թիրախային խմբում Լեռնային Ղարաբաղում անշարժ գույք կորցրած անձինք են, այդ թվում՝
• ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները,
• 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
• 50 տարեկանից բարձր անձինք։
Կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։
Ծրագիրն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։
Միանալով ՀՀ Կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդհանուր առմամբ տրամադրել է 1 861 490 588 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։
Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության մյուս տեսակների վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀԿԽԸ կայքում:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), lինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: