15/02/2022 15:12
Վարդան Օսկանյանը հարցաքննվել է Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով. դատախազ
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով հարցաքննվել է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Նա նշեց, որ այս գործով Օսկանյանն ունի վկայի կարգավիճակ։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական այսօրվա նիստին դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքները։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
Քոչարյանն ու փաստաբանները պնդում են՝ մեղադրանքը պարզաբանման կարիք ունի։ Փաստաբանները, որպես բողոքի նշան, լքեցին դատական նիստերի դահլիճը։