15/02/2022 19:55
Արդեն Արցախի նախագահի ինստիտուտի նկատմամբ է ոտնձգություն արվում․ դու՛ք եք մեղավոր, որ այս օրին ենք հասել․ Արտակ Զաքարյանն՝ իշխանություններին
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է կալանավորվի և հանձնվի հետաքննությանը։
«Այստեղ են ասել՝ ձեր նոր սկսվող բարեկամությունը դառը ճշմարտությամբ կտրեմ. կապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու: Թե՞ ձեր կռիվը միայն «նախկինների» հետ է:
Տեսնում եք չէ՞, ուր եք հասել, ինչ ողորմելի քաղաքականություն եք վարել, ու ինչպիսի հանգրվանի եք բերել Արցախն ու Հայաստանը: Արդեն Արցախի նախագահի ինստիտուտի նկատմամբ է ոտնձգություն արվում:
Ադրբեջանի դատախազությունը հոխորտացել է, թե պատրաստվում է ձերբակալել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
Սեփական երկիրն ու ժողովրդին ագրեսիայից պաշտպանելու անհաջող փորձերի համար ադրբեջանցին հետախուզում է հայտարարում: Սա նշանակում է, որ վաղը ձերբակալման ցանկություն է առաջանալու բոլոր հայ գեներալների, զորամիավորումների հրամանատարների, ինքնապաշտպանություն կազմակերպողների հանդեպ:
Կապիտուլյանտնե՛ր, դու´ք եք մեղավոր, որ այս օրին ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է, որ առ այսօր նրանց վայրագությունների նկատմամբ ոչ մի միջազգային դատապարտման գործընթաց չեք նախաձեռնել:
Մեր դատախազությունը չի ցանկանո՞ւմ արդյոք նման մի հետախուզում հայտարարել ու ձերբակալման հարց դնել 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական խաղաղ բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ:
Ադրբեջանցիներին պետք է ասել` ղալաթ եք անում: Կապիտուլյանտ իշխանություն ունենալը կամ նրանց ենթարկվող Արցախի նախագահ ունենալը դեռ չի նշանակում, որ ինչ կամենաք, այնպես էլ անեք:
Հայ ժողովուրդը դեռ չի մեռել»,-գրել է Արտակ Զաքարյանը։