15/02/2022 18:50
Աշխատում ենք ԼՂ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկել․ հույս ունենք, որ դա շուտով հնարավոր կլինի, բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան․ ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ, «Արմենպրես»-ին հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից՝ անդրադառնալով 2020 թվականի պատերազմից հետո Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին:
Հանրապետության՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին:
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում հույս ունեն, որ փաստահավաք առաքելությունն այդ խնդրի կապակցությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել մոտ ժամանակներում:
«Մենք շարունակում ենք աշխատել 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Հույս ունենք, որ դա հնարավոր կլինի շուտով, բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: Ուստի քննարկումները դեռ շարունակվում են», այս առնչությամբ ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակի աշխատակից Թոմաս Մալարդը:
Հարցին՝ նկատի ունենալով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Հաագայի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճիռը հրատապ միջոցներ կիրառելու մասին, ինչպե՞ս է կազմակերպությունը գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կառավարության գործողությունները, այդ թվում՝ վերջերս արված հայտարարությունը, թե Ադրբեջանում ձևավորվել է «մասնագետների» աշխատանքային խումբ, որ, իբրև, «աղվանական եկեղեցիներից» ջնջելու է հայկական գրություններն ու այլ հետքերը, և թե արդյոք պատմության ադրբեջանական մեկնաբանությունը կարո՞ղ է արդարացում լինել կրոնական և այլ հուշակոթողներից հայկական պատմական գրություններն ու այլ հետքերը վերացնելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-պատասխանել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է գործիք դառնա քաղաքական նպատակների համար:
«Մշակութային ժառանգությունը և պատմությունը չպետք է գործիք դառնան քաղաքական որևէ նպատակի համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր անդամ պետություններին՝ ամբողջ աշխարհով մեկ, հարգել այս սկզբունքը», - ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ից: