15/02/2022 21:25
Ադրբեջանի իրավապահ մարմիններին խորհուրդ կտանք մտահոգվել 44-օրյա պատերազմին ու դրանից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կազմակերպած պատերազմական հանցագործություններով․ Արցախի ԱԺ պատգամավոր
Այսօր Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ամենակարճ ժամկետում ձերբակալելու և քրեական պատասխանատվության կանչելու մտադրության վերաբերյալ:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը նշել է, որ Արցախի Հանրապետության և նրա բնակչության դեմ ուղղված այդ և նմանատիպ հայտարարությունները Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ահաբեկչական գործողությունների հերթական դրսևորումներն են՝ կոչված Արցախում հայի ազատ ապրելու և արարելու իրավունքը ոտնահարելուն, Արցախի բնակիչներին ահաբեկելուն, Արցախում և դրանից դուրս ազատ տեղաշարժվելու արցախցիների իրավունքը վերահսկելի, իսկ սեփական սանձարձակությունն՝ անգերազանցելի ներկայացնելուն:
«Ադրբեջանի իրավապահ մարմիններին խորհուրդ կտանք առավել շատ մտահոգվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված ու արցախցիների նկատմամբ իրագործված՝ քաղաքակիրթ աշխարհում այլևս նախադեպը չունեցող պատերազմական հանցագործությունների, վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ խաղաղ ու անզեն անձանց ցուցադրական գլխատման, խոշտանգման, անդամահատման, մշակութային ու պատմական արժեքները վերացնելու և ոչնչացնելու գենետիկ արտահայտում ստացած դեպքերի, հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվող գյուղաբնակ անձանց ցինիկաբար սպանելու, քնած ծերերին, կանանց ու երեխաներին թիրախավորելու արարքների քննության արդյունքներով, որովհետև որքան էլ փորձեք կեղծել, ստել, խեղաթյուրել ու մոլորեցնել աշխարհին, միևնույն է, մի օր արդարադատությունը հաղթելու է և բոլորը կանգնելու են դատաստանի առջև»,- ասել է Սեյրան Հայրապետյանը: