15/02/2022 13:44
Սուրճի հետ որակյալ «հարաբերություններում» կարևոր է մի քանի պարզ կանոնի հետևելը
Սուրճի հետ «հարաբերություններում» կարևոր է մեկ-երկու պարզ կանոնի հետևելը, Aysor.am-ի հետ զրույցում ասում է սննդաբան Արևիկ Պետրոսյանը:
- Առավոտյան դատարկ ստամոքսին չխմել սուրճ, քանի որ սուրճի՝ մեխանիկական քերող հատկությունը կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը:
- Կարևոր է պատրաստման եղանակը. որպեսզի սուրճը օգտակար լինի օրգանիզմին և չունենա վնասակար հետևանքներ, կարևոր է բավականաչափ ֆիլտրացնելը:
-
Օրական երկու բաժակ սուրճը համարվում է միջին նորմա շատերի համար:
Սուրճի ծառի բոված հատիկներից պատրաստվող մեզ հայտնի խմիչքն առաջին անգամ փորձել են արաբները 12-րդ դարում։ Սուրճի ամենից հայտնի տեսակներն են՝
Արաբիկա. մշակվում է Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում։
Ռոբուստա. սուրճի ծառի այս տեսակը հանդիպում է Աֆրիկայում, Հնդկաստանում, Շրի-Լանկայում և Ինդոնեզիայում։ Պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին, արաբիկայի համեմատ ավելի դառն է։
Լիբերիկա. առանձնանում է հագեցնող բույրով, բայց թույլ համով։
Սպառողներին հասանելի են հատիկով, աղացած և լուծվող սուրճեր։ Վերջինը համարվում է պակաս օգտակար, պակաս որակյալ։ Պարկուճային (կապսուլներում վաճառվող) սուրճերը ավելի թանկ են աղացած և լուծվող սուրճի համեմատ, քանի որ փաթեթավորման շնորհիվ պահպանվում են սուրճի բոլոր հատկությունները, համն ու բույրը։
Բաղադրությունը
Սուրճի կազմում կա 70-ից ավելի բիոլոգիապես ակտիվ տարր. կոֆեին, շուրջ 30 օրգանական թթու, B խմբի վիտամիններ, ինչպես նաև ֆոլատներ, կալիում, մանգան, մագնեզիում, ֆոսֆոր։ Սուրճը համարվում է հզոր հակաօքսիդանտ։
Կալորիականությունը և սննդային արժեքը
Սուրճի կալորիականությունը կախված է տեսակից։ Որպես կանոն 100 գրամ սուրճը պարունակում է 7 կիլոկալորիա։
Սննդային արժեքը
Սպիտակուցներ՝ 0.2 գրամ, ճարպեր՝ 0.5 գրամ, ածխաջրեր՝ 0.2 գրամ։
Շաքարով սուրճի կալորիականությունը մեծանում է, ավելանում են նաև ածխարջերը։ 100 գրամում՝ 62.44 կիլոկալորիա։
Կաթով սուրճ՝ 100 գրամ կաթով սուրճի կալորիականությունը՝ 27 կիլոկալորիա
Օգտակար հատկանիշները
- Սուրճի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, ինչպես նաև նվազեցնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները, հիպոտենզիայի դեպքում (զարկերակային ցածր ճնշում) օգնում է կարգավորել ճնշումը։
- Սուրճը պարունակում է մագնեզիում և կալիում, որ օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնել քաղցրի հանդեպ պահանջը, կանխում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացումը։
- Մեծ քանակության հակաօքսիդանտների շնորհիվ սուրճն օգնում է օրգանիզմին ազատվել ազատ ռադիկալներից (արագ արձագանքող մասնիկներ են, թթվածնային ոչ կայուն մոլեկուլներ, որ ձգտում են իրենց պակասող էլեկտրոնները վերցնել լիարժեք մոլեկուլներից):
-
Սուրճը բարձրացնում է տրամադրությունը, օգնում դեպրեսիայի դեմ պայքարում՝ խթանելով կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը։
Հակացուցումներ
Չնայած, որ սուրճը մեծամասամբ օգտակար է օրգանիզմի համար, չարաշահումը կարող է ազդել ոսկորների ամրությանը, ինչպես նաև նվազեցնել արյան մեջ կալցիումի պարունակությունը։ Վատ որակի սուրճը կարող է առաջացնել գլխապտույտ, սրտխառնոց, հանգեցնել ինքնազգացողության վատթարացման։ Սուրճը կարող է պատճառ դառնալ անքնության։ Եթե արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը, ցանկալի է օգտագործել ֆիլտրացված սուրճ։
Սուրճ խմելուց պետք է հրաժարվեն հղիները, ինչպես նաև նրանք, որ ունեն
- Ստամոքսի խնդիրներ
- Սիրտանոթային խնդիրներ
- Հիպերտոնիա
- Նյարդային համակարգի խնդիրների
- Անքնություն
- Սուրճը հակացուցված է հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց, քանի որ կարող է առաջացնել տագնապ, անհանգստություն։
Ինչպես ընտրել սուրճ
Սուրճի լավագույն տեսակ ընդունված է համարել արաբիկան, պարզապես հաճախ վաճառվում է խառնուրդի տեսքով (ռոբուստա տեսակի հետ)։ Աղացած սուրճի դեպքում նախապատվություն պետք է տալ բրազիլականին, կոլումբիականին, հնդկականին։ Հատիկով սուրճի դեպքում ցանկալի է գնել հերմետիկ փաթեթավորմամբ։
Ինչ պայմաններում պահել սուրճը
- Աղացած, ինչպես նաև հատիկով սուրճը չի կարելի պահել բաց փաթեթավորմամբ, որպեսզի այն չկորցնի համն ու օգտակար հատկանիշները, նախընտրելի են հերմետիկ փակվող տարաները։
- Սուրճը ցանկալի է պահել մութ, չոր վայրերում, որտեղ չեն դիտվի նաև ջերմաստիճանի տատանումներ։ Լուծվող սև սուրճը ցանկալի է պահել ապակյա տարաներում՝ այլ համեր ձեռքբերելուց խուսափելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։