15/02/2022 18:37
Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի համար. քաղաքագետ
Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև գործնականում ցանկացած ռազմական գործողության վերսկսման պարագայում Թուրքիան, ըստ այդ համաձայնագրի, իրավունք և պարտավորություն է ունենալու քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
««Շուշիի հռչակագիրն» ամրագրում է պատերազմից հետո նոր աշխարհաքաղաքական իրողությունը, որը Թուրքիայի առջև լայնորեն բացում է դեպի տարածաշրջան տանող աշխարհաքաղաքական հնարավորությունները։ Այնինչ մինչև 2020 թվականի պատերազմը գոնե միամտաբար կարծում էինք, որ մեր տարածաշրջանը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտի է, և Թուրքիան ռազմական մուտք չունի դեպի Հարավային Կովկաս»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով հայկական կողմի՝ հռչակագրին ընդամենը մեկ անգամ ԱԳՆ-ի մակարդակով արձագանքելու փաստին՝ Ալեքսանդր Քանանյանը նշեց՝ հայկական կողմ, որպես այդպիսին, առհասարակ գոյություն չունի։
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո Հայաստանն իր պատմության մեջ հերթական անգամ վերածվել է օտար տերությունների կողմից բզկտվող իրավազուրկ առարկայի։ ՀՀ ներկայիս իշխանությունը հռչակել է խաղաղության դարաշրջան, որտեղ Հայաստանի պաշտպանության բանաձևը պետք է լինի լևոնտերպետրոսյանական բանաձևը՝ «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»։
Իհարկե, «խաղաղաղության դարաշրջանը» կավարտվի Հայաստանի վերացմամբ և Հայոց պետականության անկմամբ, եթե վայրկյան առաջ արմատական քայլեր չձեռնարկվեն»,- ասաց քաղաքագետը։