15/02/2022 09:48
«Ժողովուրդ». Արցախի գլխավոր օդանավակայանն առաջիկայում կարող է վերագործակվել ռուսական կողմի հետ համագործակցությամբ
Ստեփանակերտի օդանավակայանի կարգավիճակն այս պահին նույնն է, չի փոխվել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ օրերս «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ինչն էլ փորձագիտական շրջանակներին մտահոգվելու տեղիք էր տվել, թե գուցե ինչ-որ բան է փոխվում օդակայանի կարգավիճակի հետ կապված:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արցախի գլխավոր օդանավակայանն առաջիկայում կարող է վերագործակվել ռուսական կողմի հետ համագործակցությամբ ու անմիջական միջամտությամբ։
Թերթի հետ զրույցում նախարար Բաբայանը նշել է, որ վերոնշյալ ազատման մեջ քաղաքական որևէ տարր չկա: Ինչ վերաբերում է օդակայանի վերաբացմանը կամ ռուսական կողմի հետ համագործակցելուն, ապա արտգործնախարարը նշել է. «Իհարկե բոլորս էլ ուզում ենք, շահագրգռված ենք, որ վերագործարկվի, բայց դրա համար ժամանակ է երևի պետք:
Ինչ վերաբերում է ռուսների հետ համագործակցելուն, ապա տեսնենք էլի, կփորձենք ամեն բան անել, որ այն վերագործարկվի»:
Տեղեկության մասով ԱՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածնքերի նախարարությունից, ինչի ենթակայության տակ է գտնվում օդանավակայանը, թերթին փոխանցել է հետևյալը. «Օդանավակայանի վերաբացումը բանակցությունների փուլում է, իսկ ռուս խաղաղապահների հետ համագործակցություն միանշանակ կա»։