16/02/2022 14:15
Հայաստանի բանկային համակարգը 2021-ն ամփոփել է սպասվածից ավելի դրական արդյունքներով
Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամլո ասուլիսի շրջանակներում ամփոփվել են բանկային համակարգի գործունեության 2021թ․ ցուցանիշները։
Ընդհանուր գնահատելով համակարգի նախորդ տարվա արդյունքները՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը փաստել է, որ ՀՀ բանկային համակարգը 2021թ․ամփոփել է սպասվածից ավելի դրական արդյունքներով, ինչի մասին վկայում են համակարգի գործունեությունը ներկայացնող առանձին ցուցանիշները։
«2021թ․հետպատերազմական տարում, երբ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէին նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հետևանքները, բանկային համակարգին հաջողվեց դիմակայել մարտահրավերներին և հասցեական ու արդյունավետ կերպով արձագանքել ու լուծում տալ առկա խնդիրներին։ Հատկանշական է նաև, որ բանկային գործունեության ընթացքում մեղմվել են նաև տնտեսությունում առկա մի շարք խնդիրներ։ Տարին առանձնացել է նաև այն հանգամանքով, որ բանկային համակարգն իր վրա էր վերցրել բավականին մեծ սոցիալական բեռ ու իրականացրել մեծածավալ աշխատանքներ»,-նշել է Սեյրան Սարգսյանը։
2021 ամփոփ ցուցանիշներ
Անդրադառնալով համակարգային ցուցանիշներին՝ ՀԲՄ գործադիր տնօրենը ներկայացրել է 2021թ ամփոփ տվյալները:
ՀՀ առևտրային 17 բանկերի տարեկան ընդհանուր կապիտալն ավելացել է 7.6%-ով՝ կազմելով 958 մլրդ. դրամ:
2021թ-ին ընդհանուր ակտիվներն աճել են 6.7%-ով՝ կազմելով 7080 մլրդ դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն նվազել են շուրջ 214 մլրդ դրամով կամ 5.1%-ով, իսկ 30.09.2021թ.-ի համեմատ ավելացել է 65 մլրդ դրամով կամ 1.7%-ով:
Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 45%-ը (1 850 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 740 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 12%-ը՝ (476 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները: Հատկանշական է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 56%, արտարժույթով վարկերինը՝ 44%:
2021թ-ին ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 374 մլրդ դրամով (6․5%), ընդհանուր ավանդները` շուրջ 316 մլրդ դրամով կամ 8.5%-ով։
Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի մնացորդը աճել է շուրջ 15 մլրդ դրամով կամ 3.4%-ով, իսկ 30.09.2021թ-ի համեմատ՝ 8 մլրդ դրամով կամ 1.9%-ով:
Հաշիվներ
2021թ-ի նոյեմբերին բանկերի հաճախորդների թիվը կազմել է 3 351 823։
2020թ-ի դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է` 100 542-ով կամ 31%-ով: Ֆիզ. անձինք` 91450-ով կամ 2․9 %-ով, իրավ. անձինք՝ 9092-ով կամ 8․7%-ով:
2021թ-ի նոյեմբերին հաճախորդների հաշիվները 2020թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել են 336 755 ով կամ 5․4%-ով; Ֆիզ. անձանց հաշիվներն ավելացել են՝ 312 414-ով կամ 5․2%-ով, իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են` 24 341-ով կամ 10․5 %-ով: