16/02/2022 21:00
Արցախի նախագահին «ձերբակալելու» Ադրբեջանի հայտարարությունը դիտարկում ենք որպես լկտի պահվածք և սադրանք. Մետաքսե Հակոբյան
Չեմ կարծում, որ ՀՀ իշխանություններից պետք է արձագանք ակնկալել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին «սեղմ ժամկետներում ձերբակալելու» Ադրբեջանի հայտարարության մասով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ամենահուժկու հայտարարությունների դեպքում անգամ ՀՀ իշխանությունները լռություն են պահպանում։
«Սկսենք նրանից, որ Ադրբեջանն իրավասու չէ Արցախի որևէ քաղաքացու ձերբակալելու որոշում ընդունել։ Սա ֆանտազիայի ժանրից է. նման բան հնարավոր չէ, որովհետև որևէ իրավական նորմով այս հարցը չի կարգավորվում։
Այսինքն՝ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու մասին Ադրբեջանի հայտրարությունը պետք է դիտարկել որպես սադրանք և հոխորտանք։
Անկախ ամեն ինչից, անձերից վերանալով՝ Արցախի Հանրապետության նախագահին կարելի է ընդունել նաև որպես Արցախի Հանրապետության սիմվոլ։ Ինչպե՞ս ադրբեջանցիները կարող են ոտնձգություն կատարել խորհրդանիշի նկատմամբ։ Այսինքն՝ կրկնում եմ, ձերբակալության մասին հայտարարութունը զուտ սադրանք է»,- ասաց մեր զրուցակիցը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ սա նույնպիսի սադրանքն է, ինչպիսին թիրախավորված և ոչ թիրախավորված կրակոցներն են Արցախի բնակավայրերի և բնակիչների ուղղությամբ։
«Սա ադրբեջանցիների գործելաոճն է, որն, 90-ականներից սկսած, երբեք չի դադարել։ Նրանք հարուցված քրեական գործեր ունեն Արցախի և Հայաստանի բազմաթիվ գործիչների նկատմամբ։ Մենք սա դիտարկում ենք որպես լկտի պահվածք և միջազգային նորմերի խախտում։ Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի նմանօրինակ պահվածքին»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իրավապահները հայտարարել էին՝ սուղ ժամկետներում կալանավորելու են Արցախի նախագահին:
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասել էր.
«Նման քայլերով, իհարկե, Ադրբեջանը փորձում է վախ սերմանել, չի բացառվում, որ նաև փորձեն ինչ-որ ձևով վնաս հասցնել Արցախի պաշտոնյաներին` հարձակվել նրանց վրա: Այս 2-3 տարվա ընթացքում, մինչև, հուսով ենք, երկարաձգվի ռուս խաղաղապահների խաղաղապահ առաքելությունը, նրանք մինչև այդ դիմելու են տարբեր սադրանքների: Եվ սադրանքներից մեկը, ըստ ամենայնի, սա է լինելու, փորձելու են այսպիսի ձևերով մեկին վնաս տալ, թեկուզ կյանքին սպառնալ, բռնել մեկին, առևանգել, տանել, հանրային ձևով նվաստացնել և այլն։ Այսպիսի բաներ, որոնք միշտ իրենք արել են: Այսինքն` սա ահաբեկչական երկիր է և շարունակում է այդպիսի քաղաքականությունը, որը բնական է և սպասելի, այստեղ որևէ նոր բան չկա»։