16/02/2022 14:09
«Կողմ եմ այս աստվածահաճո նախաձեռնությանը». Մշակույթի գործիչները ողջունում են Հիսուսի արձանը տեղադրելու Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությունը (Տեսանյութ)
Հայաստանում Քրիստոսի արձանի վեհաշուք կառուցման նախաձեռնությունը շարունակում է մնալ մտավորականների, արվեստագետների ու մշակույթի գործիչների ուշադրության կենտրոնում։
ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը ողջունում է նախաձեռնությունն ու նշում՝ հավատավոր ժողովրդի համար կոթողը ևս մեկ հնարավորություն է՝ վերաարժևորելու անցյալը, նախանշելու ներկան ու ապագան։
«Մենք մոռացանք՝ ով ենք, որտեղից ենք գալիս։ Ես կողմ եմ պարոն Ծառուկյանի այս աստվածահաճո նախաձեռնությանը, միայն կուզեի, որ արձանը դրվեր այնպիսի բարձունքի վրա, որ քաղաքի որ վայրում էլ գտնվելու լինենք՝ այն մեզ ուղեկցի», - նշում է Եսայանը։
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը դրական է վերաբերվում Աստծո որդու արձանի կառուցմանը. նա վստահ է՝ Հայաստանում Քրիստոսի արձանը կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը, որն էլ, իր հերթին, էապես կնպաստի տնտեսության զարգացմանը։
ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի կարծիքով՝ արձանի կառուցումը ոչ միայն կարևոր է, այլև՝ մի փոքր ուշացած։
«1990-ականներից դա պետք է դրվեր. մտահղացումը շատ լավն է, ողջունում եմ, կարծում եմ՝ ուշացել է, բայց լավ է ուշ, քան երբեք», - նշում է նա։
Ըստ նրա՝ արձանն ամբողջ ազգին կհիշեցնի, որ իրենք քրիստոնյա են։
ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանն էլ պատրաստ է իր մասնակցությունն ունենալ արձանի կառուցման հարցում։
«Պետք է միասնական լինենք նման հարցերում։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը լավ հասկանա՝ եթե չկա հոգևոր արժեք, բանակը մենակ զենքով չէ բանակ, ամեն ինչ իր տեղն ունի», - ասում է նա։
Մշակույթի գործիչները վստահ են՝ Հիսուսի արձանի կառուցմամբ Հայաստանը ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը կսևեռի բիբլիական Արարատ ունեցող Նոյի երկրի վրա։
Հիշեցնենք՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 2022 թվականին սկսել է նոր մեգանախագիծ. ազդարարվել է հայ ժողովրդին վերածնունդ ու լույսի ճանապարհ ցուցանող բացառիկ ծրագրի մեկնարկը։
«Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով՝ պետք է Հայաստանում ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում։ Իմ ընտանիքի անունից ուզում եմ այս նախագիծը կյանքի կոչել», - ասել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։