16/02/2022 18:00
Շատ դեպքերում ծնողներն անգիտակցաբար իրենց երեխաներին գցում են համակարգչային խաղերից կախվածության մեջ. նախազգուշացումներ՝ մանկական հոգեբանից
21-րդ դարում գաջեթները զգալի տեղ են զբաղեցնում մեր առօրյայում, և գաղտնիք չէ, որ հաճախ կախվածության մեջ են գցում ոչ միայն մեծահասակներին, այլև մանկահասակ երեխաներին։ Հեռախոսային կամ համակարգչային կախվածությունը հաղթահարելու համար շատ ծնողներ ընդհուպ ստիպված են լինում դիմելու մանկական հոգեբանի։
Aysor.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մանկական հոգեբան Ռայա Երեմի հետ, ով իր պրակտիկայում բազմաթիվ երեխաների օգնել է հաղթահարելու գաջեթներից կախվածությունը։
Նրա խոսքով՝ շատ դեպքերում հենց ծնողներն են անգիտակցաբար իրենց երեխաներին գցում համակարգչային կամ հեռախոսային խաղերից կախվածության մեջ։ Կենցաղային գործերով զբաղված մայրիկները հաճախ 0-3 տարեկան փոքրիկների ձեռքն են տալիս սմարթֆոնները, որպեսզի նրանք «զբաղվեն» և չխանգարեն իրենց։ Շատ դեպքերում մայրիկները երեխաներին կերակրում են համակարգչի դիմաց՝ սնվելու պրոցեսը զուգակցելով մուլտֆիլմ դիտելու հետ։
Երեխաներն, իհարկե, ժամանակի հետ կապվում են տեխնիկայի այդ միջոցներին, և երբ ծնողները փորձում են նրանց ձեռքից վերցնել հեռախոսը կամ անջատել համակարգիչը, ագրեսիայի, հիստերիկ լացի և կամակորության են հանդիպում։
«0-3 տարեկան շրջանը երեխայի համար ամենակարևորն է։ Այդ ընթացքում են զարգանում խոսքը, հիշողությունն ու երևակայությունը։ Մինչդեռ երբ մանկահասակ երեխան անընդհատ հեռախոսով կամ համակարգչով օտարալեզու մուլտֆիլմեր է դիտում, մայրենի լեզվով խոսքը նրա մոտ չի զարգանում։
Ընդհանուր առմամբ՝ գաջեթներից կախվածությունը փոքրիկների մոտ մի շարք լուրջ խնդիրներ է առաջացնում ՝ փսիխոզ, վարքային շեղումներ, ծնողների և շրջապատի հետ կոնտակտի խաթարում, զարգացման հապաղում, աուտիզմ և այլն։ Արդեն դեռահասության տարիքում ծնողները գլոբալ խնդրի առջև են կանգնում՝ տանն ունենալով իրենց հետ չշփվող երեխա։
Խնդիրներից խուսափելու համար փոքրիկներին կարելի է գաջեթների հետ «շփում» թույլատրել օրական առավելագույնը մեկ, դեռահասներին՝ երկու ժամ։ Փոխարենը դեռահասության տարիքում գտնվող երեխաներին կարելի է այլընտրանքային զբաղմունքներ առաջարկել, օրինակ՝ ուսուցողական, ինտերակտիվ խաղեր, իսկ 0-3 տարեկան երեխաներին գոնե հայալեզու մուլտֆիլմեր և երգեր առաջարկել», - ասաց Ռայա Երեմին։
Մանկական հոգեբանը նաև նշեց՝ իր պրակտիկայում քիչ չեն այն երեխաները, որոնց մոտ համակարգչային խաղերի հետևանքով լուրջ վախեր են առաջացել՝ վախ մթությունից, սենյակում մենակ մնալուց և այլն։ Այդ երեխաները, որպես կանոն, հոգեբանի խնդրանքով ինչ-որ բան նկարելիս հրեշանման արարծների են պատկերում, որոնց տեսել են հեռախոսային կամ համակարգչային խաղերում։
Ամփոփելով՝ Ռայա Երեմին ընդգծեց՝ իր համար մեծ հաղթանակ է, երբ համացանցում տարատեսակ ագրեսիվ խաղեր փնտրող երեխաներն իր հետ շփվելուց հետո սկսում են ուսուցողական հաղորդումներ ու տեսահոլովակներ փնտրել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։