17/02/2022 09:53
«Փաստ». Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը մի քանի «սլիվ» է արել
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի ամիսներին հանդիպումների շարք է անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց իշխանական շրջանակում «արտախորհրդարանական ընդդիմություն» են անվանում, իսկ իրականում սպասարկում են Փաշինյանի քաղաքական շահերը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր սատելիտ ուժերի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ մանրամասներ է ներկայացրել, այսպես կոչված, «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» գործընթացի վերաբերյալ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեման ներքաղաքական օրակարգում «տաք» պահելու համար մի քանի «սլիվ» է արել: Իսկ հանդիպման հիմնական մեխը եղել է սահմանադրական փոփոխությունների թեման։
Մեր տեղեկություններով, Փաշինյանը նախ ներկայացրել է, թե հանձնաժողովի աշխատանքներն ինչ փուլում են գտնվում, այնուհետև հավելել է, որ նշյալ քաղաքական ուժերը նույնպես կարող են առաջարկությունների փաթեթ ներկայացնել, ավելին՝ ակտիվ ներգրավված լինել պրոցեսում։ Ըստ էության, սա արվում է գործընթացը լեգիտիմացնելու և հետագայում նոր Սահմանադրությունը որպես քաղաքական «լայն կոնսենսուսով» ստեղծված փաստաթուղթ մատուցելու համար»։