17/02/2022 13:25
ՀՀ իշխանություններն առանց ռուսական ճնշումների էլ կտան իրենց համաձայնությունը՝ անդամակցելու Միութենական պետությանը. Սուրեն Սարգսյան
Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետություն ստեղծելու թեզի մասին Aysor.am-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
- Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ ՌԴ-ի հետ Միութենական պետություն ստեղծելու հնարավորությունը։
- Միութենական հանրապետությունը, կարծես թե, միս ու արյուն է ստանում՝ գոնե Ռուսաստանի և Բելառուսսի պարագայում։ Հաշվի առնելով Բելառուսի նախագահի վերջին հարցազրույցը՝ կարծում եմ՝ կարելի է եզրակացնել, որ նաև դիտարկվում է հեռանկար, որի համաձայն՝ Հայաստանը ևս կարող է միանալ այդ միութենական հանրապետությանը։ Գուցե Ղազաախստանը ևս միանա։
Նման քննարկում, այո, կա, բայց դա դեռևս տեղի է ունենում ոչ ֆորմալ առումով, դրա մասին խոսում են փորձագիտական շրջանակներում, նաև ոչ պաշտոնական հայտարարություններ են արվում։ Համենայնդեպս, նման գաղափար, իհարկե, կա։
- Որքա՞ն իրատեսական եք համարում կարծիքները, որ ռուսական կողմը անդամակցության հարցով կարող է ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։
- Չեմ կարծում, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ այդ առումով ճնշումներ կկիրառի, որովհետև ՀՀ իշխանություններն առանց այդ ճնշումների էլ կտան իրենց համաձայնությունը՝ հաշվի առնելով բավականին ուժեղ ռուսական ազդեցությունը։ Այնպես որ, չեմ կարծում՝ գործը լուրջ ճնշումների հասնի։
- Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ՝ որո՞նք են ռուսական կողմի նպատակները՝ Հայաստանին տեսնելու իր հետ Միութենական պետություն ստեղծելու հեռանկարում։
- Միջազգային նոր սուբյեկտ, նոր միավոր է ստեղծվում։ Կարող են նոր ձևաչափեր լինել, և կարծում եմ, որ Հայաստանն առանց այդ էլ բավականին մեծ փոխկապակցվածություն ունի Ռուսաստանի հետ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, և թե՛ անվտանգային առումներով՝ մոտավորապես այնքան, որքան ունի Բելառուսը՝ իհարկե մեկ-երկու բացառություններով։
- Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու հարցի շուրջ հայկական կողմից մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։
- Անկեղծ ասած՝ Հայաստանի կողմից իսկապես որևէ արձագանք չեմ տեսել՝ անգամ փորձագիտական մակարդակով։ Կան ինչ-որ քննարկումներ, բայց փորձագիտական և քաղաքական շրջանակներում դեռևս նման քննարկումներ չեմ նկատել։ Չեմ կարծում, որ նման քննարկում կա նաև քաղաքական շրջանակներում։ Երբ փաստացի առաջարկ լինի, այդ դեպքում, միգուցե, քննարկումը իմաստ կունենա։
- Պարոն Սարգսյան, խնդրում եմ՝ անդրադառնաք նաև Միութենական պետության առնչությամբ Արևմուտքի հնարավոր հակազդեցությանն ու հետևանքներին։
- Արևմուտքն էլ, Միացյալ նահանգներն էլ, կարծում եմ, այժմ պատմականորեն ամենափոքր ազդեցությունն ունեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում։ Եթե համեմատենք վերջին 30 տարիների հետ, կտեսնենք, որ, այո՛, և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ը, բավականին քիչ ներգրավվածություն ունեն մեր տարածաշրջանում, և այս կամ այն որոշումը կայացնելու տեսանկյունից ճնշումներն էլ համապատասխանաբար առավել քիչ կլինեն։
Հ.Գ. Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն 2021 թվականի նոյեմբերի 4-ին Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն խորհրդի առցանց նիստի ընթացքում ստորագրել էին Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը:
Այդ փաստաթուղթը ներառում է տնտեսական ինտեգրմանը վերաբերող 28 միութենական ծրագրեր այդ թվում՝ նավթի և գազի միասնական շուկա։ Բացի այդ, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները հաստատել են համատեղ ռազմական դոկտրինը։