17/02/2022 12:51
Դեռ ունենք դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, բայց զոհվածների ծնողները իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու․ Անահիտ Ավանեսյան
Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ այսօրվա դրությամբ դիահերձարաններում դեռ կան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքներ, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հուղարկավորում։
«Այո, ցավոք սրտի, դեռ ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի, կրկնվող հետազոտությունների պարագայում էլ ծնողները կամ հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու։ Մենք պատկերացնում, հասկանում ենք, որ դա ցավոտ, շատ դժվար պրոցես է։ Ե՛վ ՔԿ-ն, և՛ մյուս պատկան մարմինները զբաղվում են, որպեսզի այս ընթացքը հնարավորինս արագ ավարտին բերենք», - ասաց Ավանեսյանը։
Նա նշեց նաև, որ մարմինների, մասունքների ԴՆԹ հետազոտման, նույնականացման գործընթացն ամբողջութամբ ավարտվել է։
«Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը: Մենք 100-ից մի փոքր ավելի մասունք ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, և այդ փուլը ևս ավարտվել է։ Այս պահին, կարելի է ասել, որ մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք, ներկայում հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ», - ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով, սակայն, կան մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել։
«Դրանք առանձին արխիվացած են», - ասաց Ավանեսյանը։
Հարցին՝ դիահերձարաններում քանի՞ մարմին կամ մասունք է պահվում, առողջապահության նախարարը հրաժարվեց պատասխանել։
«Թիվ չեմ կարող հնչեցնել։ Ընդհանուր թվերի հետ կապված պատկան մարմինը Քննչական կոմիտեն է, դա իրենց իրավասությունն է, ես ինձ չեմ վերապահի նման իրավասություն», - ասաց նա։
Անահիտ Ավանեյանը վստահեցրեց նաև, որ բոլոր դիահերձարանները վերանորոգումից հետո համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին, ապահովված են սառնարաններով, իսկ այն ցավալի պատկերը, որին հասարակությունն ականատես եղավ 2021 թվականին, երբ զոհված զինծառայողների աճյունները պարկերով ընկած էին գետնին, «կոնկրետ աշխատակիցների ոչ պատշաճ վերաբերմունքի արդյունք էր»։