17/02/2022 10:29
Ստեղծվել է Հայ-ուկրաինական գործարար խորհուրդ
Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, հեռավար ձևաչափով, որին մասնակցեցին երկու երկրների գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարներ։ Կարևորելով նման նախաձեռնությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցում երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ կան, անդրադարձավ այն խնդիրներին,որոնց հաղթահարմանը միտված պետք է լինի ստեղծվող խորհրդի գործունեությունը։
Ուկրաինայի արդյունաբերողների և գործարաների միության ու Գործատու կազմակերպությունների միավորման նախագահ Անատոլի Կինախն իր հերթին անդրադարձավ այն ներուժին, որն առկա է Հայաստանի և Ուկրաինայի տնտեսություններում՝ համատեղ գործակցության առումով։ Նա հույս հայտնեց, որ երկու երկրների գործարար համայնքներն այսուհետ առավել ակտիվություն կդրսևորեն միասնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հիմնադիր ժողովին մասնակից գործարար միությունների, միավորումների և ճյուղային ասոցիացիաների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում եղած կացությունը, փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։
Հայ-ուկրաինական գործարար խորհրդի հինադրման համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի կողմից յոթ (ՀՀ արդյունաբերողների և գործարարների միություն, ՀՀ բանկերի միություն, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, ՀՀ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միություն, ՀՀ շինարարների միություն, ՀՀ թեթև արդյունաբերության զարգացման ասոցիացիա, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատ), Ուկրաինայից՝վեց (ՈՒՀ արդյունաբերողների և գործարարների միություն, ՈՒՀ բանկերի ասոցիացիա, ՈՒՀ գործատու կազմակերպությունների միավորում, ՈՒՀ ինտերնետ ասոցիացիա, ՈՒՀ շինարարական պալատ, ՈՒՀ թեթև արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիա) կառույցների ղեկավարներ։
Ըստ Համաձայնագրի՝ Խորհրդի նպատակներնեննպաստել Ուկրաինայի և Հայաստանիմիջև տնտեսական զարգացմանն ուհամագործակցությանը՝ խրախուսելով երկխոսությունը երկու երկրների ձեռնարկությունների միջև, խթանել մասնավոր և ձեռնարկատիրական նախաձեռնությունները, որոնք, ի թիվս այլ հարցերի, ուղղված կլինեն երկկողմ կամ բազմակողմ նախագծերում համատեղ մասնակցությանը։ Նպատակներից է նաև Ուկրաինայի և Հայաստանի կառավարական կառույցների համար առաջարկությունների մշակումը, որոնք միտված կլինեն ուկրաինա-հայկական գործարար հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ ռազմավարությաննու գործնական միջոցառումներին, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների որոնումներին։
Խորհրդին անդամակցությունը բաց և կամավոր է Ուկրաինայի և Հայաստանի գործարար միությունների, միավորումներիու արդյունաբերական ասոցիացիաների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև ՈՒՀ և ՀՀ ցանկացած այլ կորպորատիվ ու ֆինանսական կազմակերպությունների համար:
Գործարար խորհրդի համատեղ նիստերը կանցկացվեն պարբերաբար՝ առնվազն տարին երկու անգամ՝ հաջորդաբար Ուկրաինայում և Հայաստանում կամ առցանց։
Ժողովին մասնակցեցին և նախաձեռնությունը ողջունելի գնահատեցին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում ՈՒՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։