17/02/2022 16:12
Մինիմալիզմ ու համարձակություն. Որակյալ դիմահարդարում Էմմա Ուոթսոնի ոճով՝ պահպանելով սեփական անհատականությունը
Շատ երիտասարդ աղջիկներ են ցանկանում նմանվել կարմիր գորգի վրայով անցնող աստղերին․ նրանք գեղեցիկ են, հարդարված, իսկ շպարը պարզապես հիացնում է: Շատերն են ուզում դիմահարդարվել աստղերի պես ու իրենք իրենց հարց են տալիս՝ հնարավո՞ր անել է դա ինքնուրույն, առանց պրոֆեսիոնալ վիզաժիստի․ չէ՞ որ աստղերի կերպարը հենց նրանք են կերտում։
Իրականում հնարավոր է, սակայն այս կամ այն սիրված դերասանուհուն կամ երգչուհուն «կրկնօրինակելիս» չպետք է կորցնել սեփական անհատականությունը, յուրահատկությունը, ինչպես նաև պետք է հաշվի առնել դիմագծերի, մաշկի գույնի և որակի տարբերությունները։
Հարրի Փոթերի մասին զարմանահրաշ կինոպատումների հերոսուհի Հերմիոնան՝ Էմմա Ուոթսոնը, փոքրիկ աղջնակից երիտասարդ հմայիչ օրիորդի է վերածվել։ Նա դիմահարդարվելու իր յուրօրինակ ձևն ունի։
Էմմա Ուոթսոնը մինիմալիստական ոճն է նախընտրում։ Գեղեցիկ է, թեթև, բնականին շատ մոտ ու հաճելի։ Այսպես շպարվելը նաև դժվար չէ։
Դերասանուհին թեթևակիորեն ընդգծում է աչքերը, երանգավորում այտերը, հաճախակի վառ գույների շրթներկ է օգտագործում։
Նա գրեթե միշտ կիսաթափանցիկ, թեթև ծածկողականությամբ տոնային կրեմ է օգտագործում, և այնպիսի տպավորություն է, ասես դերասանուհին մաշկին երանգ հաղորդող ոչ մի միջոց չի գործածել։
Էմմա Ուոթսոնը սիրում է երկար թարթիչներ, միշտ թարթչաներկ է օգտագործում, մատիտով ներկում է նաև թարթիչների միջև ընկած հատվածը, ինչի արդյունքում թարթիչներն ավելի խիտ են երևում։
Ուոթսոնը գրեթե միշտ երանգավորում է այտերը, երբեմն՝ վառ կարմրաներկով, երբեմն՝ բաց վարդագույնով կամ ծիրանագույնով, ինչն ավելի է ընդգծում նրա երիտասարդ տարիքը։
Հանդիսությունների, ընդունելությունների, երեկոների ժամանակ դերասանուհին երբեմն ալ կարմիր, բայց փայլատ շրթներկով է լինում: Ալ կարմիր շուրթերը, խիտ թարթիչները, մաշկի կիսաթափանցիկ երանգը էլեգանտ տեսք են հաղորդում երիտասարդ աստղին։
Եվ այսպես, դիմահարդարում՝ Էմմա Ուոթսոնի ոճով
Քայլ առաջին
Դեմքի ամբողջ մակերեսին տարածեք թեթև ծածկողականությամբ, կիսաթափանցիկ տոնային քսուքը։
Քայլ երկրորդ
Հոնքերն ընդգծեք դրանց համար նախատեսված ստվերաներկով՝ ընտրելով ձեր մազածածկույթին մոտ գույնը։ Հոնքերն ավելի խիտ, բայց նաև՝ բնականից չտարբերվող դարձնելու համար կարող եք օգտագործել միկրոմանրաթելերով գել․ այն մգեցնում է հոնքերն ու հավելյալ ծավալ հաղորդում դրանց։
Քայլ երրորդ
Վերևի կոպին սև կամ շագանակագույն մատիտ-կայալով «սլաք» գծեք, ապա վրայից անցեք կլորավուն վրձնով՝ ստվերագիծ ստանալու համար։ Նույն մատիտով ներկեք թարթիչների արանքները։
Քայլ չորրորդ
Մուգ շագանակագույն ստվերաներկ քսեք ներքևի կոպին՝ թարթիչների աճի ուղղությամբ, կլորավուն վրձնով մի փոքր տարածեք այն՝ ստանալով ստվերագիծ։
Քայլ հինգերորդ
Թարթիչներին ծավալ հաղորդեք՝ թարթչաներկի միջոցով․ ավելի երկար, արտահայտիչ թարթիչներ ունենալու համար թարթչաներկը մի քանի շերտով քսեք։ Անհրաժեշտության դեպքում օգտագործեք թարթիչները թեքող սարք․ դրանցից, որպես կանոն, երիտասարդ աղջիկները շատ հաճախ են օգտվում և միշտ ունենում են ձեռքի տակ։
Քայլ վեցերորդ
Այտերը ներկեք բաց ծիրանագույնով․ ավելի ճիշտ է ընտրել այտերի համար նախատեսված կոսմետիկ միջոցի՝ դիմափոշու նմանվող տարբերակը։
Քայլ յոթերորդ
Անփայլ ալ կարմիր շրթներկ քսեք՝ այնպես, որպեսզի այն չտարածվի շուրթերից վերև։
Ահա և վերջ, դուք դիմահարդարվեցիք Էմմա Ուոթսոնի ոճով․ մինիմալիզմ, գեղեցկություն ու համարձակություն։ Ձեր նոր կերպարն առաջին հերթին պետք է դուր գա հենց ձեզ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։