17/02/2022 16:50
Ի՞նչ է «սեզոնային հոգնածությունը», ինչու՞ են սթրեսն ու դեպրեսիան թուլացնում կանանց իմունիտետը և ի՞նչ անել՝ այն ամրապնդելու համար
Աշնանն ու ձմռանը կանանց կենսական էներգիան ու ակտիվությունը նվազում են, տրամադրությունն՝ անկում ապրում, երբեմն նույնիսկ ապատիա է հայտնվում։ Ավելի շատ քնելու և ավելի շատ սնունդ ընդունելու կարիք է առաջանում, օրգանիզմի պաշտպանական հատկությունները թուլանում են։ Ֆիզիոլոգիական ու հոգեկան այս վիճակը մասնագետները «սեզոնային հոգնածություն» են անվանում։
Գիտնականների ու բժիշկների պնդմամբ՝ դրա առաջացման հիմնական պատճառներն են հորմոնալ փոփոխությունները՝ պայմանավորված աշնանն ու ձմռանը ցերեկվա կարճ տևողությամբ։
Ժամանակակից կանանցից քչերը կարող են իրենց թույլ տալ «ձմեռային քնի անցնել»։ Ակտիվությունն ու էներգիան վերականգնելու, օրգանիզմն ամրապնդելու, իմունիտետը բարձրացնելու, լավ ինքնազգացողություն և, իհարկե, գեղեցիկ տեսք ունենալու համար որոշ կանոնների է պետք հետևել։
Վերահսկել հոգեվիճակն ու հուզականությունը
Սթրեսային իրավիճակները հատկապես մեր օրերում շատ են։ Դրանցից խուսափել, երևի թե, հնարավոր չէ, սակայն եթե սթրեսը քրոնիկ է դառնում, կինն անընդհատ ապրում է սթրեսի մեջ, նրա օրգանիզմը պարզապես քայքայվում է։
Առողջության ու իմունիտետի վրա կործանարար ազդեցություն է թողնում նաև դեպրեսիան։ Պետք է սովորել հաղթահարել էմոցիաների հզոր ալիքը, թույլ չտալ, որ հուզական հոգեվիճակը բացասաբար ազդի առողջության վրա։ Օգնել կարող են շնչառական հատուկ վարժությունները՝ ռելաքսացիան։ Փորձեք յոգայով ու մեդիտացիայով զբաղվել, դա նաև հետաքրքիր է։
Ամաչելու կամ բարդույթավորվելու կարիք չկա, անհրաժեշտության դեպքում հարկավոր է դիմել մասնագետին՝ նյարդաբանին, հոգեբանին, հոգեթերապևտին։ Կարևորը ճիշտ ժամանակին միջոցներ ձեռնարկելն է, դեպրեսիայի առաջին իսկ նշաններն ու քնի խանգարումները վերացնելը՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
Շատ լավ օգնական է նաև սպորտը։ Պարտադիր չէ մարզասրահ այցելել։ Հարկավոր է պարզապես շատ շարժվել, ամեն օր կատարել պարզ վարժություններ, իմունիտետը բարձրացնելու համար՝ զբոսնել մաքուր օդին։
«Սեզոնային հոգնածության» պատճառ կարող է լինել նաև հանքանյութերի՝ մագնեզիումի, ցինկի, երկաթի, C, D վիտամինների և B խմբի վիտամինների պակասը։ Օրգանիզմի կենսունակությունը վերականգնելուն օգնում են նաև В խմբի վիտամինները, ֆոլաթթուն, մագնեզիումը, յոդը, սելենը։
Կարգավորել քնի ռեժիմը
Քնած ժամանակ մարդու օրգանիզմը վերականգնում է ուժերը․ քնի հորմոնը՝ մելատոնինը, վերականգնում է վնասված բջիջները։ Մելատոնինն արտադրվում է երեկոյան 22։00-ից մինչև գիշերվա 02։00-ը, ուստի բժիշկների խորհուրդն է՝ քնել 23։00-ից ոչ ուշ, անպայման անջատել լույսը, քնելուց մեկ ժամ առաջ մի կողմ դնել բջջային հեռախոսները, անջատել հեռուստացույցը։ Լույսն ու ճառագայթները խանգարում են, որ մելատոնին արտադրվի։
Պահպանել հորմոնալ բալանսը
Կանանց հորմոնալ բալանսը կարող է խախտվել ամենատարբեր պատճառներով՝ սրթես, բնապահպանական խնդիրներ, հիվանդություններ, ժառանգականություն, տարիք (դաշտանադադարին նախորդող հատվածն ու դրա բուն շրջանը)․այս ամենն իր ազդեցությունն է թողնում։
Էստրոգենների՝ իգական սեռական հորմոնների նվազումը բացասաբար է ազդում կնոջ իմունիտեի վրա, թուլացնում է այն, իսկ երբ հորմոնալ ֆոնը նորմայի մեջ է, կնոջ օրգանիզմը ժամացույցի պես է աշխատում՝ կատարելով բոլոր ֆունկցիաները․ կինն առողջ է, էներգիայով լի, տրամադրությունը՝ բարձր։ Հորմոնալ խախտումներից խուսափելու կամ խնդիրը ճիշտ ժամանակին լուծելու համար անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվել գինեկոլոգի կամ էնդոկրինոլոգի մոտ։
Հորմոնալ բալանսը վերականգնել կարելի է նաև վիտամինների, հանքանյութերի և ֆիտոէստրոգենների միջոցով․ ֆիտոէստրոգենները կնոջ հորմոնների՝ էստրոգենների անալոգներն են, բուսական ծագման նյութեր, որոնք կնոջ օրգանիզմում համալրում են պակասող էստրոգենների «պաշարը», նպաստում, որ կարգավորվի քունը, տրամադրության անկումներ չլինեն, ինքնազգացողությունը լավանա, իմունիտետն՝ ամրապնդվի։ Դրանք նաև երիտասարդացնող հատկություն ունեն։
Կնոջ համար շատ կարևոր է տարվա բոլոր եղանակներին, բոլոր ամիսներին ու բոլոր օրերին լինել առողջ, գեղեցիկ ու կյանքով լի։ Դրա առաջին գրավականը հոգածությունն է՝ սեփական առողջության նկատմամբ։ Այդ դեպքում կյանքի որակը միշտ բարձր կլինի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։