18/02/2022 16:22
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ և ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ:
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդյունքներից ու ընդգծել, որ Երևանը հետաքրքված է նոր նախագծերի կյանքի կոչմամբ:
Մասնավորապես, ԱԶԲ-ի հետ համատեղ համայնքն այսօր ծրագիր է իրականացնում Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածը կառուցելու նպատակով:
«ՀՀ կառավարությունն ու Երևան համայնքը պատրաստակամ են շարունակելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում ենթակառուցվածքների զարգացմանն ու հարմարավետ միջավայրի ապահովմանը: Տեղյակ եք, որ այս տարիների ընթացքում ինքս եմ համակարգել ԱԶԲ-ի հետ համատեղ ծրագրերի ընթացքը և տեղյակ եմ բոլոր ընթացակարգերին, ինչը հնարավորություն կտա նախաձեռնվող նոր ծրագրերն առավել կարճ ժամկետներում իրագործել»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար՝ ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:
Ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների գործում իր մոտեցումները՝ քաղաքապետ Սարգսյանը կարևորել է երևանյան կանգառների արդիականացումը, էլեկտրոնային չվացուցակների տեղադրումն ու քաղաքում խելացի լուսացույցերի ներդնումը, ինչպես նաև Ջրվեժի ավտոբուսային նոր հավաքակայանի կառուցումը, որը նախատեսում է նաև գազի և դիզելային վառելիքի լիցքավորման ու ավտոբուսների լվացման կայանների ստեղծում:
Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ուղղությունների առնչությամբ առաջիկայում հստակեցնել ծրագրերը:
ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետը կարևորել է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը: Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքը հատուկ վերաբերմունք ունի շրջակա միջավայրի պահպանության խնդրում և ընթացող ու նախաձեռնվող տարբեր ծրագրերը հենց բնապահպանական արդյունք են ենթադրում: Դրանք են՝ մանկապարտեզների էներգաարդյունավետության ապահովումը, արտաքին լուսավորության ցանցի LED լուսատուներով արդիականացումը, նոր ճանապարհների կառուցումը, կենսագազի կուտակման և այրման կայանի շահագործումն ու պահպանումը, նոր աղբավայրի կառուցումը և այլն:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համայնքը տարբեր ծրագրեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով էլ ՎԶԵԲ-ի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրականացվում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։