18/02/2022 20:55
Արցախի նախագահը հանդիպել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության» անդամների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 18-ին ընդունել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամներին, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին տեղյակ է պահել անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ընդգծել, որ դրանք ամենօրյա են, բայց, ցավոք, ոչ այնքան արդյունավետ, որքան ցանկալի է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում իրականացվող սոցիալական ծրագրերին, դրանց հասցեականությանը, ընդգծվել է հանրային վերահսկողության կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: