18/02/2022 20:04
ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի հայամետ քայլեր է կատարում, քան նույն ՀՀ ղեկավարությունը. քաղաքագետ
Դատելով Արցախի հարցով ՀՀ վարչապետի ոչ հայանպաստ հայտարարություններից՝ ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե Հայաստանի Հանրապետությունն ինչպես կարող է միջազգային հարթակներում սատարել Արցախին կամ լսելի դարձնել արցախցի պատգամավորների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված կոչը՝ անհապաղ վերսկսել բանակցային գործընթացը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, և 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո նրա հայտարարությունները, ցավոք, ոչ ոք չի նկատում։ Այս հարցում ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանում իշխանությունը գտնվում է բացահայտ պրոթուրքական խմբակի ձեռքում, և դա չի էլ թաքցվում»,- ասաց մեր զրուցակիցը։
Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի հայամետ քայլեր է կատարում, քան նույն ՀՀ ղեկավարությունը։
«Մենք ականատես ենք, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտից հետո բազմաթիվ հայտարարություններ են եղել թե՛ ՄԽ-ի, թե՛ կառույցի անդամ երկրների առանձին ներկայացուցիչների կողմից, որ Արցախի կարգավիճակի հարցը որոշված չէ։ Այս մասին բարձրաձայնել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Աբսուրդն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և նրա վարչակազմից բազմաթիվ անձինք հայաստանյան հասարակությանը կերակրում են կեղծ թեզերով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և որ Արցախը Ադրբեջանի տարածք է։
Նիկոլ Փաշինյանի կողմից արտահայտված կեղծ և մանիպուլյացիոն մտքերը, կապված Արցախի կարգավիճակի հետ, թույլ չեն տալիս պատկերացնելու, որ նա պրոարցախյան, պրոհայկական քայլեր կկատարի և կաջակցի Արցախի Հանրապետության խորհրդարանի կողմից ընդունված օրենքին՝ միջազգային հարթակներում տեսանելի և լսելի դարձնելու այն։ Ես դրան չեմ հավատում»,- եզրափակեց քաղաքագետը։