18/02/2022 12:39
Կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները կհնչեն Քարնեգի հոլում
Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում մարտի 6-ին կկայանա “Musical Armenia” երաժշտական շարքի ամենամյա համերգը, որի ընթացքում հանրությանը կներկայացվեն ամերիկահայ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները։ Weill համերգասրահում իրականացվող համերգային երեկոն կազմակերպել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանը։ Համերգի ծրագրում կհնչեն Տաթև Ամիրյանի դաշնամուրային գործերը՝ հեղինակային կատարմամբ, ինչպես նաև նրա վոկալ ստեղծագործությունները սոպրանո Աննա Հայրապետյանի կատարմամբ։ Համերգի ընթացքում հանդես կգա նաև թավջութակահարուհի Լաուրա Նավասարդյանը, ով կկատարի արևմտաեվրոպական կոմպոզիտորների գործեր։
Նշենք, որ “Musical Armenia” շարքն անցկացվում է արդեն 37-րդ անգամ՝ 1982 թվականից սկսած։ Նախաձեռնության նպատակը հայ կատարողների և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջխաղացումն է ԱՄՆ-ում։
«Ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ “Musical Armenia” համերգի շրջանակներում։ Անչափ ուրախ եմ, որ ոչ միայն նվագելու եմ նման հեղինակավոր համերգասրահում, այլև ներկայացնելու եմ իմ ստեղծագործությունները նյույորքյան հանդիսատեսին։ Այս համերգն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի և ես մեծ ոգևորությամբ եմ սպասում դրան» , - նշում է կոմպոզիտոր Տաթև Ամիրյանը։