18/02/2022 13:10
«Արցախի տարածքները պետք է դեօկուպացվեն. քաղաքացիները պետք է վերադառնան իրենց տները». Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը
Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:
«Ազգային ժողովն ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որի մշակման աշխատանքները դեռևս ամիսներ առաջ մեկնարկել էին կառավարությունում: Մենք քաջ գիտակցում ենք, որ ունենք սահմանափակ իրավական մեխանիզմներ՝ օրենքում նշված գործառույթներն իրականացնելու և նպատակներին հասնելու համար, սակայն պարտավոր ենք առավելագույնս օգտագործել առկա իրավական և քաղաքական մեխանիզմներն այդ ուղղությամբ։ Արցախի Հանրապետության տարածքները պետք է դեօկուպացվեն, և մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց տները»,- Telegram-ում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Փետրվարի 16-ին Արցախի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել էր «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Փետրվարի 4-ին Արցախի ԱԺ նախագահի և խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը սահմանում է «1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները»: