18/02/2022 10:00
Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը. հայտարարություն
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:
«Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը` կապված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման հետ, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է:
Ադրբեջանական իշխանությունները միշտ են վարել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու, մարդու իրավունքները խախտող, խաղաղության դեմ ուղղված պատերազմական հանցանքները թաքցնելու քաղաքականություն` կեղծելով փաստերը: Սրանով շարունակաբար կոպիտ կերպով խախտել են մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի միջազգային բացարձակ պահանջները:
Հայաստանի և Արցախի, ինչպես նաև միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորելու, նրանց, այսպես կոչված, սև ցուցակներով շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար և ունեն իսկական մտադրությունները քողարկելու նպատակ:
Իրականում, տարիներով է վարվել հայատյացության հովանավորության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ:
Փաստացի, վարվել է ցեղասպան քաղաքականություն, որը շարունակվում է նաև ներկայում:
Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը` ապահովելով նույնական վերարտադրություն հետագայում և ատելության տարածում հասարակությունում (հիմնավորվում է փաստերով):
Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումները արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով:
Հենց ադրբեջանական իշխանությունն է ուղիղ պատասխանատու պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքների, այդ թվում` Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, ահաբեկիչների ու վարձկանների օգտագործմամբ, դիտավորյալ և նպատակային հարձակման ենթարկելու, 80 քաղաքացիական անձանց սպանելու, 165 քաղաքացիական անձանց տարբեր աստիճանի վիրավորումներ հասցնելու, հայ գերիներին խոշտանգելու և զոհված զինծառայողների մարմինները անարգելու, Արցախի մոտ 40 000 քաղաքացիական բնակչությանը հայրենի տներից ունեզրկելու և բռնի տեղահանելու, Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պղծելու, վանդալիզմի ենթարկելու և ոչնացնելու համար։
Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում COVID-19 համավարակի պայմաններում միջազգայնորեն անթույլատրելի զինված հարձակումների համար, որոնցով կաթվածահար արեցին Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգերը և դրանով ապահովեցին մահվան թվերի շեշտակի աճ:
Նույն կերպ էլ նրանք տարբեր գործիչների, իրավապաշտպանների ու լրագրողների (այդ թվում` միջազգային) նկատմամբ թշնամանքի մղումով քրեական գործեր հարուցելով փորձել են ուղղակի քողարկել իրենց կատարած ու կատարելիք վայրագությունները Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ:
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունն ավելի է սաստկացել, ստացել է նոր դրսևորումներ. թույլ չեն տալիս մարդկանց վերականգնել կյանքը պատերազմից հետո, անընդհատ խաղաղ բնակչության համար փորձում են ստեղծել հուսահատության մթնոլորտ` մարդկանց անվտանգության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների դեմ ամենօրյա հանցավոր ոտնձգություններով ու այլ ահաբեկչական արարքներով:
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների վերը շարադրված գնահատականները հիմնված են հավաստի, կոնկրետ փաստերի վրա և տեղ են գտել մեր բազմաթիվ զեկույցներում:
Ուստի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը և խաղաղ բնակչության մոտ խուճապ առաջացնելը: Անգամ ադրբեջանական իրավապահ մարմինների բառապաշարն է բացահայտ վկայում այդ նպատակի մասին: Սա իր հերթին նշանակում է, որ այդ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ և հիմնված է փաստերի բացահայտ մանիպուլիացիայի վրա:
Մենք միջազգային հանրությանը համոզված իրազեկում ենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը և մոլորեցումը նորանոր մեթոդներով, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները խաղաղության կոչերի ներքո թաքնվելով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքերի համար:
Այս համատեղ հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին նաև առանձին նամակներով», - նշված է հայտարարությունում: