18/02/2022 14:25
Դեմքի մաշկի ամենօրյա խնամք․ ինչու՞ է այն անհրաժեշտ և ի՞նչ է պետք անել․ խորհուրդներ մասնագետներից
Դեմքի մաշկն ամենօրյա խնամք է պահանջում։ Առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար մի քանի պարտադիր, բայց պարզ կանոններ կան, որոնք մաշկի վաղ ծերացումից, կնճիռների առաջացումից խուսափելու առաջին նախապայմանն են։
Ի՞նչ են խորհուրդ տալիս կոսմետոլոգները․ ի՞նչ անել տանը՝ ինքնուրույն, առանց մասնագետի օգնության՝ մաշկի գույնը, երանգը, էլաստիկությունը պահպանելու համար։
Օրվա ընթացքում մաշկի մակերեսին կեղտ ու փոշի է կուտակվում, սակայն անզեն աչքով այն տեսանելի չէ։ Տոնային կրեմները, դիմափոշիները, սովորական փոշեհատիկները «նստում» են մաշկի մակերեսին ու փակում ծակոտիները։
Մաշկն ամեն օր և ճիշտ չխնամելու, չմաքրելու դեպքում կարող են մի շարք խնդիրներ առաջանալ․ ծակոտիները կփակվեն, մաշկի չի «շնչի», կխախտվի դրա սնուցումը, կառաջանան կնճիռներ և այլն։
Ամենօրյա ճիշտ խնամքը մի քանի պարզ քայլեր է ենթադրում։ Ամենակարևորը՝ պետք է օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան մաքրել և տոնուսավորել դեմքի մաշկը։
Մաշկն անպայման պետք է մաքրել կոսմետիկ միջոցներ օգտագործելուց, դիմահարդարվելուց առաջ․ փակ ծակոտիներով, ոչ մաքուր մաշկին կոսմետիկ շերտ ավելացնելու դեպքում ակնե կառաջանա։ Բացի այդ, մաքուր մաշկն ավելի ակտիվ է կլանում այն սնուցող նյութերը, որոնք առկա են քսուքներում։ Մաքուր մաշկը դիմահարդարելն ավելի հաճելի է, շպարն ավելի հարթ ու գեղեցիկ է լինում։
Անկախ այն հանգամանքից՝ օգտագործելու՞ եք դեկորատիվ կոսմետիկա, թե ոչ, մաշկը պետք է մաքրել ամեն առավոտ։ Բանն այն է, որ գիշերվա ընթացքում մաշկն ինտենսիվորեն ճարպ է արտադրում․ ավելորդ ճարպաշերտը հեռացնելու համար առավոտյան դեմքի մաշկը մաքրելը պարտադիր պայման է։
Մաշկը փոշուց և կոսմետիկ միջոցներից պետք է «ազատել» ու մաքրել նաև երեկոյան։ Աչքերի շուրջ գտնվող ավելի նուրբ հատվածը մաքրելու համար հատուկ միջոցներ է պետք օգտագործել։
Ինչու՞ է անհրաժեշտ տոնուսավորել մաշկը
Մաշկն ունի լիպիդային շերտ, որն անվանում են «թթվային թիկնոց»․ լվացվելիս մաշկի թթվայնության մակարդակը խախտվում է, քանի որ լվացող միջոցներն ալկալի են պարունակում։ Որոշ ժամանակ անց մաշկն իքնուրույն վերականգնում է pН-ի մակարդակը, սակայն տոնիկներն արագացնում են այդ պրոցեսը, այդ պատճառով էլ մաշկի ամենօրյա խնամքի բաղկացուցիչներից է նաև տոնուսավորումը։
Տոնիկներն օգնում են վերացնել լվացող միջոցների ազդեցությունը, կարգավորում են մաշկի pH-ը, մաշկը «պատրաստում» են կրեմերի, կոսմետիկ միջոցների կիրառմանը, օգնում են, որ դրանց մեջ պարունակվող սնուցող նյութերն ավելի խորը ներթափանցեն մաշկի շերտերի մեջ։
Մաշկը տոնուսավորել անհրաժեշտ է օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Տոնիկները խոնավեցնում են մաշկը, այն թավշյա են դարձնում, ծակոտիները նեղանում են, բորբոքային պրոցեսները՝ նվազում։
Եվ վերջում՝ պետք է չմոռանալ նաև մեկ այլ կարևոր կանոնի մասին․
Շպարը մաքրող ցանկացած միջոց օգտագործելուց հետո դեմքն անպայման պետք է լվանալ ջրով։ Նույնիսկ ամենանուրբ ու թեթև կաթիկները չպետք է մնան մաշկի վրա, քանի որ մաքրող բոլոր միջոցների բաղադրության մեջ առկա են տարրեր, որոնք աստիճանաբար քայքայում եմ մաշկի լիպիդային շերտը՝ նվազեցնելով դրա պաշտպանողական հատկությունները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։