18/02/2022 13:46
Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրները
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտվել է մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոնությունը նվաճել էր բազմամարտում, երեկ լավագույնն է եղել նաև ազատ վարժություններում, հենացատկում, ինչպես նաև զուգափայտերի և պտտաձողի վրա:
Նժույգթափերում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Հարություն Մերդինյանը, իսկ օղակների վրա՝ Վահագն Դավթյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ այնքան էլ գոհ չէ Հայաստանի առաջնության արդյունքներից. «Գոհ չեմ մարզիկների ցուցադրած որակից, քանի որ նրանք պետք է ավելի լավ հանդես գային: Գուցե խնդիրն այն էր, որ ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո եկանք և մասնակցեցինք առաջնությանը, և գործիքների փոփոխությունը զգացնել տվեց»:
Այդուհանդերձ, Հակոբ Սերոբյանի խոսքով՝ երիտասարդների մասնակցությունը գոհացուցիչ էր. «Լավ երիտասարդներ ունենք, և այժմ էլ ուրվագծվում է, թե ովքեր պետք է մասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը»:
Երիտասարդ մարմնամարզիկները, իսկապես, բավականին լավ արդյունքներ են ցույց տվել մեծահասակների հետ պայքարում: Ազատ վարժություններում երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել պատանի մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մամիկոն Խաչատրյանը:
Նժույգթափերում արծաթե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը, իսկ եռյակը եզրափակել է Գագիկ Խաչիկյանը: Օղակների վրա լավագույն երկրորդ արդյունքը ցույց է տվել Արթուր Ավետիսյանը, երրորդը՝ Արթուր Դավթյանը:
Հենացատկում արծաթե մեդալը նվաճել է Գագիկ Խաչիկյանը, իսկ բրոնզե մեդալը՝ Ռոբերտ Գյուլումյանը: Զուգափայտերի վրա երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը, իսկ պտտաձողի վրա՝ Էրիկ Բաղդասարյանն ու Գագիկ Խաչիկյանը:
Ինչ վերաբերում է կանանց պայքարին, ապա այստեղ ազատ վարժությունում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մանե Պողոսյանը, հենացատկերում` Մարիետա Բուչախչյանը, զուգափայտերում` Մանե Պողոսյանը, հավասարակշռության գերանի վրա` Աննա Մանթաշյանը: