19/02/2022 18:07
Hexact-ը բեկումնային նորարարություն է խոստանում ՏՏ աշխարհում․ հասանելի է դարձնում Google-ի տվյալների «պահեստը»՝ BigQuery-ն և առևտրային նոր հարթակ է բացում
Hexact դատա ընկերությունը հիմնադրվել է 3 տարի առաջ, փոքր ժամանակահատվածում նշանակալի արդյունքներ գրանցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ օգտատերերի թիվը հասցնելով 40 000 և ավելիի։ 2019-ի փետրվարին իր աշխատանքն սկսելով 4 մասնագետով՝ այժմ Hexact-ն ունի 40 հոգանոց թիմ, որն աշխատում է ԱՄՆ-ում, Լեհաստանում, մեծ մասը՝ Հայաստանում:
Ստարտափը երեք հիմնական պրոդուկտ է ներկայացնում՝ Hexometer, Hexowatch և ամեն շաբաթ թարմացվող Hexomatic։
Hexact-ի զարգացման տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը և հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը ներկայացնում են, թե ինչպես կյանքի բոլոր բնագավառներում և ամենատարբեր մասնագետների կողմից հնարավոր է օգտագործել ստարտափի պրոդուկտները, ինչպես կարելի է օգտվել դրանց առավելություններից։
Անցյալ տարին 400 տոկոս աճով եզարափակած Hexact-ը, նոր կատարելագործված պրոդուկտով և 160 երկրներում գտնվող 40 000-ից ավելի օգտատերերով, նախատեսում է թիմը մինչև տարեվերջ հասցնել 100 անդամի։
Hexact ընկերությունն իր գործունեության երրորդ տարին նշանավորում է նոր ռազմավարությամբ, որը բեկումնային է տեխնոլոգիաների աշխարհում։
Ստարտափն իր նոր ռազմավարությամբ հասանելի է դարձնում Google-ի տվյալների «պահեստը»՝ BigQuery-ն և առևտրային նոր հարթակ է բացում։
«Անցյալ տարի ենք դարձել Google Cloud-ի գործընկեր։ Դա մեզ առավելություն է տալիս նրանով, որ հասանելիություն ունենք նրանց բոլոր ծառայություններին։ Hexomatic պրոդուկտը պատրաստելու ընթացքում, հիմա և ապագայում ևս Google-ի թիմի մասնակիցները մեզ հետ աշխատել, աշխատում ու աշխատելու են, օգնելու ավելի ճիշտ ու լավ օգտագործել այն տեխնոլոգիաները, որոնք իրենց մոտ այսօր գոյություն ունեն», - ասում է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։
Google BigQuery-ն վերլուծությունների համար օգտագործվող տվյալների խոշորագույն բազան է աշխարհում։ Google Cloud-ի տվյալների ամպային մեծամասշտաբ այս պահեստից այսուհետև կարելի է օգտվել Hexact-ի էկոհամակարգի գլխավոր՝ Hexomatic պրոդուկտի միջոցով, առանց ծրագրավորման որևէ գիտելիքի:
Hexomatic-ը վերածվում է նաև պրոդուկտների «առուվաճառքի» հարթակի (marketplace), որտեղ Hexact-ի պրոդուկտներից բացի, կլինեն այլ ստարտափների գործիքներ։ Այսուհետև ցանկացած ստարտափ կամ մասնագետ կարող է իր ավտոմատացման (API) գործիքներն ինտեգրել Hexomatic-ում, վաճառել, եկամուտ ստանալ, զարգացնել բիզնեսը։
Փետրվարի 19-ին գործունեության 3-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում Hexact ընկերությունը ներկայացրեց նաև իր նոր կորպորատիվ ոճն ու ռազմավարությունը, նորարարական լուծումներով ցուցադրեց ընկերության լոգոն՝ մինիմալիստական վեցանկյունը (hexagon), որն արտացոլում է հավասարությունը, տեխնոլոգիաներն ու տվյալները․ գլոբալ տվյալները կարող են հասանելի լինել և դրանցից օգտվելու համար ծրագրավորման գիտելիքներ ունենալը պարտադիր չէ։
Ընկերության հիմնադիրները ապագային նայող հավակնոտ ծրագրեր ունեն․ կատարելագործելու են գործիքները, մատուցվող ծառայությունները, որպեսզի դրանք համահունչ լինեն ժամանակակից աշխարհի ռիթմին, արագ տեմպերով զարգացող տեխնոլոգիաների ոլորտի ավելի ու ավելի մեծացող պահանջներին ու չափանիշներին։
Hexact-ի պրոդուկտների մասին
Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: Hexowatch-ը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին: Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։