19/02/2022 09:57
Ադրբեջանցիները կրակել են Թաղավարդում բնակելի տների վրա․ գնդակը վնասել է տների պատերը, խոցել պատուհանը
Փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս, տեղեկացնում են Արցախի դատախազությունից։
Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։ Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։