21/02/2022 16:59
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պարզաբանել է՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ 90-ականներին, իսկ նոր հայտարարություն չի եղել
Ադրբեջանը շատ վաղուց է միջազգային հետախուզում հայտարարել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ, Interfax-Azerbaijan-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։
«Ադրբեջանը և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել վաղուց (90-ականներին)», - նշել են գլխավոր դատախազությունից։
Գերատեսչությունից ընդգծել են, որ Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևը երկուշաբթի ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հետախուզվում են։
«Սակայն որոշ լրատվամիջոցներ այս հայտարարությունը ներկայացրել են որպես նոր հայտարարություն, թեև Քոչարյանն ու Սարգսյանը երկար ժամանակ միջազգային հետախուզման մեջ են»,- ասել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին ասել էին, որ Ադրբեջանի կողմից պատերազմից հետո Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումներ և հետախուզումներ հայտարարելը որևէ հիմք չունի. դրանք անհիմն են ու ապօրինի։
Հայաստանի նախկին երկու նախագահների գրասենյակներն արձագանքել են Ադրբեջանի հայտարարությանը։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն էլ արձագանքել է. «Չենք զարմանա, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին»։