21/02/2022 19:08
«ՀՀ իշխանությունները հեզորեն կատարում են Ալիևի հանձնարարությունը», «Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի տոտալ ադրբեջանացում»․ բողոքի ակցիա ընդդեմ ադրբեջանցի պատվիրակների՝ Երևան այցի
Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց, բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու կապակցությամբ։
Հայաստանում եվրոպական պատվիրակությունն ընդունելություն է կազմակերպել «Մարիոթ Արմենիա»-ում՝ Եվրանեսթի պատվիրակների և ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Դրսում ծավալված բողոքի գործողությունն, ինչպես ներկայացրեց հասարակական-քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, առաջին հերթին ուղղված է ադրբեջանցի պատվիրակների՝ Հայաստան այցի դեմ, սակայն կա նաև կոչ՝ ուղղված եվրոպացի դիվանագետներին՝ անուշադրության չմատնել Հայաստանում ընդդեմ ժողովրդավարության իրականացվող գործողությունները ։
«Մարդիկ, ովքեր մտահոգ են Հայաստանում ժողովրդավարության խնդիրներով, ինչպես նաև Ադրբեջանի պատվիրակների ներկայության հանգամանքով, բողոքի ձայն են բարձրացնում, որպեսզի ուշադրություն հրավիրեն ՀՀ-ում ստեղծված ժողովրդավարական աղետալի խնդիրների, իրավիճակի վրա։ Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում հատկապես ադրբեջանական պատվիրակության ներկայության կապակցությամբ։ Այստեղ ադրբեջանցիների ներկայությունն իր մեջ խորհուրդ ունի, որովհետև 2021 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները, տիրանալով «Զանգեզուրի միջանցքին», կգան նաև Երևան, և ամենևին պարտադիր չէ, որ նրանք տանկերով հասնեն Երևան, իրենք «կվերադառնան» Երևան։ Այսպիսի հայտարարությունից հետո ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ Միլի մեջլիսի անդամների ներկայությունը, կարծես, կապ ունի Իլհամ Ալիևի այդ հայտարարության, այդ ցանկության, կարելի է ասել նաև՝ հանձնարարության հետ, որը հեզորեն ՀՀ իշխանություններն իրականացնում են»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Հայաստանում հակաժողովրդավարական իրավիճակ ստեղծելով՝ Փաշինյանը մեր երկիրը տանում է դեպի ադրբեջանականացում, այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ բարձրաձայնելով այն խնդիրների մասին, որոնք իրենց արտահայտումն են գտել հենց գործող իշխանությունների օրոք։ Նա նկատեց՝ եթե նախկինում ժողովրդավարական առաջընթաց էր գրանցվում երկրում, ապա հիմա ճնշվում է ազատ խոսքը, ազատ կամարտահայտումը։
«Փաշինյանը, ժողովրդավարական արժեքներ քարոզելու անվան տակ, եկել է իշխանության և անում է այն, ինչը հակասում է դեմոկրատիայի հիմնարար սկզբունքներին։ Իմ նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ Նիկոլ Փաշինյանին ցիտելու համար։ Այսինքն, նա հայհոյանքը բերել է օրակարգ, սարքել շփման նորմ և այդ նորմի համար, որն ինքն է լեգալիզացրել, մարդկանց փորձում են դատել։ Մարդիկ, որոնք իրենց կյանքն ու առողջությունն են վտանգել պատերազմում, որոնք պաշտպանում են մեր երկրի, ժողովրդի շահերի, այսօր գտնվում են անազատության մեջ։ Այդ հարցը պետք է պարտադիր քննարկման առարկա դառնա եվրոպական բոլոր ատյաններում։ Այն, ինչ այօր տեղի է ունենում Հայաստանում, անընդունելի է։ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի տոտալ ադրբեջանացում, որովհետև Ադրբեջանում են մարդկանց դատապարտում, սպանում և երկրից վտարում՝ իրենց խոսքի ազատությունն իրագործելու պատճառով։ Այն, ինչ անհնարին էր մինչև 2018 թվականը, արդեն մեր իրականությունն է»,- ընդգծեց Արմինե Ադիբեկյանը։
Բողոքի ակցիան շարունակվում է, Հայաստանում առկա խնդիրների և մեր երկիր ադրբեջանական պատվիրակության անդամների այցի դեմ գործողություններ նախատեսվում են նաև վաղը, ժամը 12-ին՝ Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ կայանալու են Եվրանեսթի բյուրոյի և համատեղ հանձնաժողովների նիստերը։