21/02/2022 21:16
Թումանյանական երեկո՝ Մեծ լոռեցու ծննդավայրում․ բանաստեղծի 153-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել նաև ԲՀԿ ուսխորհրդի անդամները (Տեսանյութ)
Փետրվարի 19-ին Դսեղում՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում, իսկական տոն էր ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցների և այցելուների համար։
Թումանյանի 153-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել, որն անցավ ջերմ մթնոլորտում։ Թումանյանի կյանքն ու գործունեությունը ևս մեկ անգամ նշանավորելու համար վերանորոգված տուն-թանգարան էին այցելել բազմաթիվ հյուրեր, նրանց թվում՝ ԲՀԿ ուսանողական խորհրդի անդամները։
«Այստեղ ենք, որպեսզի ևս մեկ անգամ կարևորենք Թումանյանի մեծ ավանդը հայ գրականության մեջ։ Մեզ համար մեծ պատիվ է լինել այստեղ, տեսնել փոփոխությունները, փոքրիկների, երիտասարդների մեծ ոգևորությունը»,- ասում էին նրանք։
3 տարի առաջ՝ մեծ բանաստեղծ հոբելյանական 150-ամյակին ընդառաջ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերով վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Թումանյանի տուն-թանգարանում, դրան հարակից տարածքում։ Կարճ ժամանակում մի քանի փուլով արված բարեկարգումն ու վերանորոգումը հնարավորություն է տվել հյուրերին ավելի պատշաճ պայմաններում ընդունել։
«Այն, ինչ հարկավոր էր, նա արել է՝ որակով, տեղը տեղին»,- նշում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը։
Մեծ բանաստեղծի 153-ամյակին նվիրված միջոցառմանն էլ տուն-թանգարանի տնօրենն ու աշխատակիցները մեծ հպարտությամբ ներկայացրին Թումանյանի ստեղծագործական ուղին, ցուցադրեցին նրա անձնական իրերը, պատմեցին դրվագներ՝ նրա կյանքից։
Հովհաննես Թումանյանի դերն ու առաքելությունը բարձր պահելու, նրա կյանքը, թողած հարուստ գրական ժառանգությունը սերունդներին ներկայացնելու համար ԲՀԿ ուսանողական խորհրդի նախագահը շնորհակալագիր հանձնեց թանգարանի տնօրենին։ Երիտասարդները թանգարանի աշխատակիցներին ու այցելուներին խորհրդանշական նվերներ՝ գրքեր նվիրեցին։
Մանրամասները՝ տեսանյութում