21/02/2022 19:20
Հանձնաժողովի՝ իշխանությունը ներկայացնող անդամների վարքը և նպատակները պարզ են․ Սամվել Բաբայանը պատերազմի օրերին եղել է դերակատար․ առկա է նաև Փաշինյանի հետ համագործակցության ձևաչափ․ Տիգրան Աբրահամյան
«Քննիչ հանձնաժողովի նիստերը դեռ նոր են մեկնարկում, սակայն ժամանակից շուտ, սցենարը, մեղադրական սլաքները, թիրախներն արդեն տեսանելի են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հանձնաժողովի՝ իշխանությունը ներկայացնող անդամների վարքը և նպատակները պարզ են, սակայն կարճ կանդրադառնամ դրան մասնակից որոշ արտախորհրդարանական ուժերի մասնակցությանը:
Մասնակից, այսպես կոչված, արտախորհրդարանական ուժերը, հետընտրական ժամանակահատվածում, համագործակցության ֆորմատ են ձևավորել Նիկոլ Փաշինյանի հետ և ամենատարբեր հարցերի շուրջ հանդիպում են, քննարկումներ անում, համագործակցում, մտահոգություններով կիսվում և այլն:
Ավելին՝ դրա մասնակիցներից Սամվել Բաբայանը 2020 թվականի պատերազմի օրերին եղել է դերակատար՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակով և գտնվել է ՊԲ հրամանատարական կետում:
Նրա՝ այդ կետում՝ բունկերում գտնվելն արդեն ընդգծում է նրա որոշակի կարգավիճակը պատերազմական գործողություններում:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ մամուլում բազմիցս գրվել է նրա՝ այս կամ տապալված օպերացիայի նախաձեռնող կամ մասնակից լինելու մասին: Դրա մանրամասների, ինչպես նաև պատերազմի հանգամանքների մասին հանրությունը ամբողջությամբ կիմանա, երբ այս իշխանությունը այլևս չի լինի և օբյեկտիվ քննության վրա ազդելու լծակներ չի ունենա:
Այսինքն՝ մի կողմից առկա է Փաշինյանի հետ համագործակցության ձևաչափ՝ որպես արտախորհրդարանական ուժ և պատերազմի ժամանակ ԱԽ քարտուղարի կարգավիճակ:
Այս դեպքում առհասարակ կարևոր չէ, թե ինչ մասնագիտական հնարավորություն ունի, ինչ ճանապարհ է անցել: Այս պահին դա չեմ քննարկում, որովհետև իմաստ էլ չունի:
Օբյեկտիվության տեսանկյունից Բաբայանը մասնակից է և չի կարող իր մասնակցությամբ գործողությունները որպես անկողմնակալ փորձագետ, քաղաքական գործիչ, խորհրդատու որոշել իր կամ իր թիմակիցների քաղաքական կամ իրավական պատասխատվության չափը:
Այսօր լրագրողերի հետ զրույցում Բաբայանը նշում էր՝ «ձեզ հասարակ հարց եմ տալիս՝ Արցախի բանակի հրամանատարին ու Շտաբի պետին , ովքեր որոշողներն էին, նշանակել ա Փաշինյանը․ հարց է առաջանում՝ ու՞մ առաջարկությամբ, ուզում ենք ճշտել, պարզվում ա, որ առաջարկել են գործող իշխանությունը` նախագահ Բակո Սահակյանը ու իր Տիգրան Աբրահամյանը, որը խորհրդական էր ռազմական գծով»։
Թե բա, պարզվում է… Փաշինյա՞նն է ասել, թե՞ նշանակվող ՊԲ հրամանատարներն ու շտաբի պետերը, որ «պարզել է»:
Արցախի և Հայաստանի պետական կառավարման համակարգերը, նրանց գործակցությունը, ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ համագործակցության առանձնահատկությունները իմացող մարդը, եթե նման բան է ասում, ապա նշանակում է, որ ունի մեկ նպատակ՝ մոլորեցնել հանրությանը:
Ինձ համար մեծ պատիվ կլիներ, եթե ես որևէ փուլում, թեկուզ ապագայում պատիվ ունենայի ազդեցություն ունենալ ՀՀ կամ Արցախի պաշտպանության նախարարների, գլխավոր շտաբերի պետերի նշանակման հարցում, բայց, ցավոք, իմ առաքելությունն այլ գործառույթներով է սահմանափակվել, որի մասին գիտեն շատ-շատերը:
Ինձ համար, իհարկե, խնդիր չէ, որ իմ համեստ անձը քննարկվում է անչափ պատասխանատու գործառույթներ ունենալու համատեքստում, սակայն իրականությունն այլ բան է, և ես արձագանքում եմ՝ զուտ թույլ չտալու, որպեսզի մարդկանց ստեն, շեղեն պատերազմի իրական հանգամանքներից և, վերջապես, մարդկանց հույզերի հետ չհամարձակվեն խաղալ»,- գրել է պատգամավորը: