21/02/2022 12:32
«Կորոշենք` ոնց ենք հրավիրում, որ չխուսափեն գալուց». Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ Մովսես Հակոբյանը կգա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կգա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։
Հակոբյանը, հիշեցնենք, հայտարարել է, թե չի պատրաստվում գալ այդ հանձնաժողով։
«Կարծում եմ՝ Մովսես Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու, որովհետև այս աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է ու պարոն Հակոբյանը, համոզված եմ, կգա Ազգային ժողով, հակառակ դեպքում, ինքը պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որ պետք է իրեն տրվեր», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանը։
Նա ասաց, թե հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելը փորձ էր` լեգիտիմացնելու Մովսես Հակոբյանի հայտարարությունը։
Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն էլ, որը մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին, հայտարարեց, թե ոչ մեկն էլ ընդդիմություն չէ։
«Դրանք չեն կոչվում ընդդիմություն։ Նրանք, ովքեր գեներալի ուսադիրներ ունեն, որ գան, դուք կտեսնեք, որ իրենք ընդդիմություն չեն, ընդդիմությունը մենք ենք», - ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Կգան, կգան, չեն գա, մենք կորոշենք` ոնց ենք հրավիրում, որ չխուսափեն գալուց»։
Հիշեցնենք՝ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները։ Ընդդիմությունը, սակայն, չի մասնակցում աշխատանքներին։
Ըստ ընդդիմադիրների՝ «պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»:
Հայկական կողմի կորուստները, անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները. այս ու մի շարք այլ հարցեր են լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի քննության առարկան։