22/02/2022 16:09
Պատերազմն ավարտված չէ. մեր ժողովուրդը կանգնած է մարտահրավերների առջև. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է նաև, որ այսօր էլ եկեղեցականության մեջ կան մերօրյա Ղևոնդ երեցներ, որոնք նույն ոգին, հանձնառությունն ու գիտակցությունն են դրսևորում հայ ժողովրդին մատուցած ամենօրյա սպասավորության ու խնամքի մեջ, ազգային-հայրենական անդաստանում հառնած լրջագույն մարտահրավերների պայմաններում։
«Իբրև Եկեղեցի՝ չենք կարող անտարբեր և անհաղորդ մնալ այս օրերին մեր ժողովրդի կյանքում տեղ գտնող տարատեսակ երևույթների նկատմամբ, որովհետև մեր սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա խնդիրների հաղթահարման աշխատանքների, այլև կրողը ծանր լուծի, ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած հուսահատության և տրտմության։ Մեզ պատուհասած պատերազմը, որը մեծ կորուստներ պատճառեց մեր հայրենիքին ու ժողովրդին, դեռ ավարտված չէ։ Այն շարունակվում է՝ ոչ մարտի դաշտում, սակայն ամենատարբեր ոլորտներում և տիրույթներում։ Չի դադարում հայատյացության և թշնամանքի սերմանման քարոզչությունը սահմանի մյուս կողմից, հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, վտանգված է մեր սրբազան ժառանգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, շարունակվում է ներքաղաքական կյանքում լարվածությունը, բևեռացվածությունը, արտագաղթը, խորանում է ապագայի հանդեպ ժողովրդի մեջ տիրող անորոշությունը»,- ընդգծել է Հայոց Հովվապետը՝ կարևոր համարելով, որ նման բարդագույն իրադրության մեջ առաջնային պետք է շարունակի նկատվել հովվական խնամքը սոցիալական ծանր վիճակում հայտնված արցախցիների, տեղահանվածների, զոհվածների, անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների և վիրավորների ընտանիքների հետ։
Նորին Սրբությունը խնամատար ծառայության մեջ մեծապես կարևորել է նաև քրիստոնեական դաստիարակության և կրթության ծրագրերի խթանումը՝ հայորդիների հոգիներում զորացնելու հավատքն առ Աստված և սերն առ հայրենին ու մեր սրբազան արժեքները։ Այս առումով Վեհափառ Հայրապետը թելադրել է, որ բոլոր ծխերում պետք է հնարավորինս ձևավորվեն կիրակնօրյա դպրոցներ, հովվություններից ներս մասնավոր ուշադրություն պետք է դարձվի երիտասարդությանը, նրանց առավել գործուն ներգրավմանը եկեղեցական-ծխական կյանքում, ծխերից ու թեմերից ներս տարվող սոցիալական, կրթական աշխատանքներում։
Վերջում Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել առ Աստված հայրենի երկրի՝ Հայաստանի և Արցախի խաղաղության ու անվտանգության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի զավակների բարեշեն կյանքի և Հայոց Եկեղեցու պայծառության համար։