22/02/2022 14:16
Կլինի շահ, կլինի Արցախի անկախության ճանաչման նախադեպի կիրառում, չի լինի շահ՝ նախադեպը կարող է դարերով փոշոտվել որևէ դարակում. քաղտեխնոլոգ
Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումը Արցախի միջազգային ճանաչման համար նախադեպային կարող է լինել, եթե դա անհրաժեշտ լինի աշխարհաքաղաքական ուժային կենտրոններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ Արցախի միջազգային ճանաչմանը նպաստող նախադեպային օրինակներ եղել են նաև նախկինում։
«Եթե Արցախի միջազգային ճանաչումը պետք լինի գեոքաղաքական կենտրոններին, ապա նրանք նախադեպ կգտնեն, որը հիմք կընդունեն և կտարածեն Արցախի վրա։ Եթե անհրաժեշտություն, համատեղ շահ չկա, ապա կարող է հազար հատ նախադեպ լինել, ընդ որում՝ նաև պատճեն-նախադեպեր՝ թե՛ պատմական, թե՛ քաղաքական առումներով, թե՛ միջազգային իրավունքի տեսակետից, բայց դրանք չկիրառվեն, և հարցը դարերով օդում կախված մնա, իսկ երբեմն նաև՝ փակվի», - ասաց մեր զրուցակիցը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արցախի միջազգային ճանաչման հարցում Հայաստանը չպետք է շարժվի այն տրամաբանությամբ, որ եթե կան նախադեպեր, ապա հերթում հաջորդն Արցախի անկախության ճանաչումն է։
«Կրկնում եմ՝ կլինի շահ, կլինի նախադեպի կիրառում, չի լինի շահ՝ նախադեպը կարող է դարերով փոշոտվել որևէ դարակում։ Այս պահի դրությամբ Արցախի միջազգային ճանաչման դրական ազդակներ չկան։ Բայց սա չի նշանակում, որ կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք ուզում են, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցը փակվի այն մոդելով և ճանապարհով, որի մասին խոսում և երազում է Իլհամ Ալիևը։ Կարծում եմ՝ այսօրվա դրությամբ Արցախի անկախության հարցն ուղղակի սառեցված վիճակում է», - նշեց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ Արցախի միջազգային ճանաչման դրական ազդակներ կային դեռ մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջանի նախագահը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին։
Նա նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնիշխանությունը, և շուտով այդ համաձայնագրերը կվավերացվեն Պետդումայում։