22/02/2022 09:46
«Ժողովուրդ». Դատական համակարգի ներկայացուցիչների կենսաթոշակի չափը կարգավորող օրենքով պետական բյուջեի ծախսերը կավելանան 44.5 մլն դրամով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 28-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարելու, որի ժամանակ քննարկվելու է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ընդ որում, փաթեթի ընդունման պարագայում պետական բյուջեի ծախսերը կավելանան 44.5 մլն դրամով: Այս օրենքով կարգավորվելու է դատական համակարգի ներկայացուցիչների կենսաթոշակի չափը:
Որպես հիմնավորում նշվում է, թե կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով: Այսպիսով, նախագծով առաջարկվում է դատավորի, դատախազի, ինչպես նաև Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում և Պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմաններ ապահովել: Այսինքն՝ այս մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք նույն թոշակի չափն են ստանալու՝ անկախ իրենց աշխատած տարիների քանակից»։