22/02/2022 21:03
1994 թվականի մայիսի 28-ին պետք է Արցախի անկախությունը ճանաչեինք. ո՞վ էր ինչ ասելու. Թևան Պողոսյան
Սկսկած Էրիթրեայից, Արևելյան Թիմորից, Հարավային Սուդանից, Կոսովոյից, Աբխազիայից, Օսեթիայից և Լուգանսկից՝ բոլոր տեսակի ճանաչումներն Արցախի համար ունեն նախադեպային էլեմենտներ։ Ամբողջ խնդիրն այն է՝ կկարողանա՞նք այդ տարրերն օգտագործել, թե՞ ոչ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Աշխարհում բոլորի համար հասկանալի է մի բան. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Այն օրը, երբ ունեցել ենք ազգային միասնություն, ուժեղ ենք եղել, կարողացել ենք հայրենիք ազատագրել, ստիպել զինադադար կնքել, մեզ ոչ ոք չի կարողացել նեղացնել։ Այն օրը, երբ պառակտվել ենք, թուլացել, դարձել ոչ մի բան, մեզ հետ ինչ ասես՝ արել են։ Եթե ուզում ենք օգտագործել միջազգային ճանաչումների նախադեպերը, պետք է ուժեղանանք»,- ասաց քաղաքագետը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ ժամանակին Հայաստանին «երեսով էին տալիս», որ նույնիսկ ինքը չի ճանաչում Արցախի անկախությունը, մինչդեռ առնվազն մի քանի անգամ այդպիսի ռեալ հնարավորություն է ստեղծվել։
«1994 թվականին՝ զինադադար կնքելուց հետո, մայիսի 28-ին պետք է Արցախի անկախությունը ճանաչեինք. ո՞վ էր ինչ ասելու։ Լավ, այդ ժամանակ չստացվեց․ քիվեսթյան դեպքերից հետո, երբ Ադրբեջանը մերժեց, գոնե այդ ժամանակ ճանաչեինք։ Կամ 2016 թվականի ապրիլի 3-ին ճանաչեինք։ Եթե այս բոլոր շանսերը բաց ենք թողել, 44 օր մեր առջև է եղել, էլի չենք ճանաչել։ Մինչև օրս քանի՞ «լուգանսկներ» են եղել»,- հռետորական հարց հնչեցրեց Թևան Պողոսյանը։
Քաղաքագետի պնդմամբ՝ ուժեղ լինելու և Արցախի միջազգային ճանաչումը հնարավոր դարձնելու համար աշխարհասփյուռ 10 միլիոն հայերը պետք է որոշեն դառնալ քաղաքական ազգ։
«Տեսեք, 10 միլիոն ադրբեջանցիներ դառնում են. իրենց համար թշնամի են ընտրել, պայքար են տանում, որոշում են մեզ վերացնել։ Մենք պետք է այդ նույնը անենք։ Կդառնանք քաղաքական ազգ, կձևավորենք պետական ինքնության խնդիրներ, կգնահատենք միասնականությունը, կունենանք ազգային երազանք, կկարողանանք նախադեպերն օգտագործել։ Ի՞նչ տարբերություն՝ անունը Լուգա՞նսկ, Կոսովո՞, թե՞ Աբխազիա է դրած»,- ասաց Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին։
Նա նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնիշխանությունը, և շուտով այդ համաձայնագրերը կվավերացվեն Պետդումայում։