22/02/2022 09:43
«Հրապարակ». Թալինում 2 ամսից ավելի անիշխանություն է՝ կառավարման ճգնաժամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացել է խոշորացված Թալին համայնքի 28 համայնքների՝ վարչական շրջանների ղեկավարների պաշտոնավարման ժամկետը։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո 28 ղեկավարները ծանուցվել են, որ մինչև փետրվարի 21-ը պետք է ազատեն զբաղեցրած պաշտոնները և կնիքները հանձնեն նոր ներկայացուցիչներին, որոնց կնշանակի Տավրոս Սափեյանը։
Հիմա համայնքներում փաստացի ղեկավարներ չկան։ Չնայած Սափեյանն իշխանական ճնշումների արդյունքում դարձել է համայնքի ղեկավար, սակայն նրան ձայն տված ընդդիմադիր ավագանին բացարկ է ներկայացրել, իսկ ավագանու մյուս 2 խմբակցությունները հրաժարվում են մասնակցել նիստերին, ուստի նիստ չի գումարվում, իսկ ՔՊ-ն չունի մեծամասնություն՝ միայնակ նիստ անելու։
Եվ ստեղծվել է մի վիճակ, երբ Սափեյանը ընդամենը դեկորատիվ համայնքապետ է՝ ո՛չ երդվել է, ո՛չ ստանձնել լիազորությունները, ո՛չ կարող է որոշումներ ընդունել, ոչ՛ բյուջեն է հաստատվում, ո՛չ վարչական ղեկավարներ են նշանակվում։ Այսինքն, Թալինում 2 ամսից ավելի անիշխանություն է՝ կառավարման ճգնաժամ։ Եթե ընտրություններից հետո 3 ամիս ավագանու նիստ չհրավիրվի, ապա օրենքի պահանջով այստեղ նոր ընտրություններ պետք է հայտարարվեն։
Թալինից տեղեկացանք, որ Սափեյանը ծանոթ-բարեկամների միջոցով փորձում է համոզել ընդդիմադիրներին՝ վերադառնալ, որպեսզի նիստ հրավիրեն»։