23/02/2022 11:21
Հայհոյանքը քրեականացնող հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող հոդված. ՄԻՊ
Հիմա մեզ անհրաժեշտ է երկրում վերականգնել հանրային համերաշխությունը։ Ցավոք, ներդրված դատապարտելի դիսկուրսների պատճառով այսօր խաթարված է հանրային համերաշխությունը, աշխատանքային գործունեությունն ամփոփող ասուլիսում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ցավոք, դրա վերականգնելու հեռանկարները շատ մշուշոտ են։ Մասնավորապես, դատապարտելի է, որ հասարակական-քաղաքական հարթակ բերվեց նոր ու նախկին, սև ու սպիտակ դիսկուրսը՝ ըստ էության հասարակությանը բաժանելով խմբերի։ Սրան ավելացան դարձյալ դատապարտելի՝ «Ժեխ», «զոմբիներ», «պիցցայակեր», «ծախված» պիտակավորումները։ Ստիպված եմ այս բառերն արտաբերել, որպեսզի ցույց տամ հասարակությանը պառակտող դիսկուրսները։ Սա սկզբունքորեն նպաստել է երկրում ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի աճին։ Անթույլատրերի է հայհոյանքի դիսկուրսը, որ բերվել է հանրային տիրույթ, ես կարծում եմ, որ պետությունն այստեղ լրջագույն անելիք ունի, մինչդեռ պետությունն ինքն էլ նպաստում է այս ամենի աճին և հետո անթույլատրելի մեթոդներով սկսում է պայքարել իր իսկ նպաստած խնդիրների դեմ», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա նշեց, որ ընտրությունների ժամանակ ատելությունն ու վիրավորանքը հանել են ամենաբարձր աստիճանի, հետո սկսել քրեական օրենսդրությամբ, ամենակոշտ մեթոդով պայքարել դրա դեմ։
Թաթոյանն ասաց, թե խոսքը բոլորին է վերաբերում, նաև՝ պետական պաշտոնատար անձանց։
«Այդ նոր ընդունված հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող հոդված և ընդհանրպես չի վերացրել այս հայհոյանքն ու վիրավորանքը մեր հանրային դիսկուրսից», - ասաց Արման Թաթոյանը։