23/02/2022 11:50
Արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված. Թաթոյանը՝ ՄԻՊ օրենքի մասին (Տեսանյութ)
Նախ պետք է տեսնենք, թե ինչ բառապաշարով է արդարադատության նախարարը խոսում իր հարցազրույցներում. երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական բառապաշարով է խոսում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով Կարեն Անդրեասյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին։
Հիշեցնենք՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել էր, թե Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքն է խախտել, երբ դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարություն է արել։
«Նույնիսկ ծանր վիրավորանքի հատկանիշները կան իր հայտարարություններում։ Ասում է՝ օմբուդսմանն իրավունք չունի ընթացիկ դատական գործերի վերաբերյալ գնահատականներ տալ, ու մի հատ էլ հղում է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին հոդվածին։ Ինձ համար ակնհայտ է, որ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված։ Բայց քանի ռիսկ է արել ու մտել է մասնագիտական դաշտ, շատ լավ, կբացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։
Արդարադատության նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունի նախաքննություն և դատական քննություն, գոյություն ունի դատական վարույթ, որը նախաքննությունը չէ։ Նախաքննությունն իրականացնում է պաշտոնատար անձը՝ քննիչը, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը։ Հիմա ինչպես կարող է նախաքննության հարցը դատական գործ։ Նախ մեր օրենքը դատական գործ հասկացությունը չունի, չգիտես՝ որտեղից է վերցրել։ Բա էդ արդարադատության նախարարն ինչպես էր իր նախկին պաշտոնում գնահատականներ տալիս դատական գործերի հետ կապված», - հայտարարեց Թաթոյանը։
Շարունակելով խոսքը՝ ՄԻՊ-ն ասաց. «Այնպես որ, եթե արդարադատության նախարարը վստահ չի իր հայտարարությունների մեջ կամ մանրամասն չի ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանի ասելիքները և մասնագիտական հենքը չի պատկերացնում, մյուս անգամ թող չհամարձակվի Հայաստանի ՄԻՊ հաստատության հանդեպ որևէ ոտնձգություն անել՝ թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու տակ»: