23/02/2022 18:38
Եթե ՀՀ ԱԳՆ-ն Արցախի հարցն է մոռացության մատնում, բնականաբար, չի կարող Դոնեցկի և Լուգասկի անկախությունը ճանաչել. քաղտեխնոլոգ
ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը, որ Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա, լիովին սպասելի էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Եթե ՀՀ արտգործնախարարն Արցախի հարցն է մոռացության մատնում, ապա, բնականաբար, չի կարող Դոնեցկի և Լուգասկի անկախությունը ճանաչել, որովհետև դա, միանշանակ, կհարուցի Արևմուտքի խիստ դժգոհությունը։
Երկրորդը՝ կհարուցի Վրաստանի խիստ դժգոհությունը։ Իսկ Վրաստանը, ինչպես հայտնի է, Հայաստանի համար կարևորագույն տրանսպորտային հանգույց է։
Երրորդը՝ Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումն անտրամաբանական կլինի, որովհետև Հայաստանը սուբյեկտ չէ՝ նման որոշումներ կայացնելու համար։ Հայաստանն ընդամենն օբյեկտ է, որն Արևմուտքի պահանջով այս պահի դրությամբ իրականացնում է այսպես կոչված խաղաղության քաղաքականություն՝ Ադրբեջանին կապելով միջինասիական երկրների հետ։
Օբյեկտները նման կարևոր որոշումներ չեն կարող ընդունել, առավել ևս, որ Արևմուտքը լուռ համաձայնությամբ դիտում է մարդու իրավունքների ոտնահարման փաստերը՝ դատավորների դատ, դատարանների շրջափակում և այլն։
Եթե նախկինում աղմուկ էին բարձրացնում, իսկ հիմա լռում են, նշանակում է՝ դա գին ունի։ Բնականաբար, ՀՀ իշխանությունները չեն կարող այդ գինը խախտել և ինչ-որ ճանաչման գործընթաց իրականացնել»,- ասաց քաղտեխնոլոգը։