23/02/2022 21:52
Ակնհայտ է, որ Հայաստանը, առավել ևս այս պահին, չի կարող որևէ դիրքորոշում հայտնել Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցով. Սուրեն Սարգսյան
Ակնհայտ է, որ Հայաստանը, առավել ևս այս պահին, չի կարող որևէ դիրքորոշում հայտնել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Մեկ այլ բան ևս ակնհայտ է, որ առաջիկայում նախատեսված է ՀՀ վարչապետի այցը Մոսկվա, և այս հարցը, միգուցե, արդեն այդ ժամանակ դառնա օրակարգային, որովհետև ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ճանաչման հարց Հայաստանի օրակարգում չկա այս պահին։ Թե որ պահին այդ հարցը կարող է լինել, իհարկե, կարծում եմ՝ սա այլ տեսակի հարց է»,- նշեց մեր զրուցակիցը։
Սուրեն Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է սպասել առաջիկա օրերի զարգացումներին՝ հասկանալու, թե Հայաստանն ինչպես կդիրքավորվի առկա լարված իրավիճակում։
«Թե ինչ եզրակացության կգան Հայաստանի իշխանությունները և ինչ ճանապարհով կգնան, իհարկե, չեմ կարող ասել. Պետք է տենդենցներին հետևել, հասկանալ, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու այն պետությունների նկատմամբ, որոնք կճանաչեն Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը։ Ճիշտն այս պահին սպասելն է»,- ամփոփեց Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, ինչպես նաև խորհրդարանի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունել էին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին ՌԴ նախագահի որոշումը։