23/02/2022 22:10
Թուրքիային պարենային ճգնաժամ է սպառնում․ թուրք պատգամավորի կանխատեսումը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Օքան Գայթանջըօղլուն հայտարարել է, որ երկիրը գնում է դեպի պարենային ճգնաժամ:
Խորհրդարանում կազմակերպած ասուլիսի ընթացքում նա նշել է, որ Թուրքիան գյուղատնտեսության և սննդարդյունաբերության ոլորտում լուրջ խնդիրներ ունի: Ըստ Գայթանջըօղլուի՝ նախագահական կառավարման համակարգին անցնելուց հետո կառավարությունը նվազեցրել է գյուղատնտեսներին տրվող սուբսիդիաները, հանվել են գյուղմթերքի ներմուծման մաքսատուրքերը, ինչը հարվածել է տեղական արտադրողների մրցունակությանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը ոչինչ չի արել կորոնավիրուսի պայմաններում պարարտանյութերի գների մինչև 700 տոկոսանոց աճը զսպելու համար, այնինչ աշխարհի այլ երկրներում վերանայվել են գյուղատնտեսությանը տրվող ֆինանսավորումները:
«Թուրքիան գնում է դեպի պարենային ճգնաժամ: Նախորդ տարի հացը 1,5 լիրա արժեր, այժմ 3-3,5 լիրա է: Թուրքիան չպետք է ներմուծի այնպիսի ապրանքներ, որոնք ինքը կարող է արտադրել, քանի որ եթե նույնիսկ փող ունես, կարող է գալ մի օր, որ չկարողանաս ներմուծում անել: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լուրջ լարվածություն կա: Եթե ընդունենք, որ Թուրքիան գյուղատնտեսական ապրանքների գրեթե կեսը ներմուծում է այդ երկրներից, ապա պատերազմի դեպքում ցորեն այլևս չեն կարողանա ներմուծել: Թուրքիան իր արտադրողին պաշտպանելուն, աջակացելուն և արտադրող երկիր դառնալուն այլընտրանք չունի»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։