23/02/2022 16:13
Թուրքին գլխիկոր հավատացող հայը, հավանաբար, բանականության հետ խնդիրներ ունի. Կամո Աթայան
Վերջին 34 տարիների ընթացքում ավելի փոքր պարբերությամբ, բայց ավելի մեծ արագությամբ իրականացվել է «հայ-թուրք» հարաբերությունների շուրջ հազարամյա պատմության մի համեմատաբար կարճատև, բայց արհավիրքներով լի, և դրանից դասեր չքաղելու ամբողջական ցիկլ...
Խորհրդային տասնամյակներին ամեն մի պատեհ առիթով Արցախի հարցը բարձրացվել է, սակայն կենտրոնական իշխանությունը ելնելով «ժողովուրդների բարեկամության» իրենց տեսլականից հարցին լուծում չէր տալիս: Մի քիչ այլ էր ԽՍՀՄ-ում 1985-ից հետո ստեղծված իրավիճակը, երբ մասնավորապես Արցախի հարցը ոչ միայն բարձրացվեց, այլ դրա հենքի վրա հայ ժողովուրդը բռունցքվեց ու վերջին դարերի ընթացքում առաջին անգամ ունեցավ իրական հաղթանակ` ի դեմս նորաստեղծ և նորահռչակ Արցախի հանրապետության, որը ոչ ավելի, ոչ պակաս՝ 12,5 հազար քառ.կմ. ազատագրված երբեմնի հայեցի տարածքներ ուներ, ու կարող էր հզոր միջնաբերդ լինել ՀՀ-ի համար, և ժամանակի ընթացքում քաղաքական իրավական բնույթի հարցերի լուծումից հետո սեփական մի որոշմամբ կմիանար ՀՀ-ին` ձևավորելով հզոր հայկական պետություն...
Բայց մաքառումներով անցած հայ ժողովուրդն ինչ-որ մի պահ ինքնահանգստացավ, չկարողացավ իր համար լիարժեք իրավաքաղաքական և տնտեսական այնպիսի դաշտ ու միջավայր ստեղծել, որ բացառվի նույնիսկ այլ քաղաքական ուղու մասին մտածելը, էլ չեմ ասում արտաքին, հակահայ գործունեության բջիջների մասին, որոնք հասարակական քաղաքական պայքարի քողի տակ ՀՀ-ում տարածվեցին ու իրենց սև գործը կատարեցին, որի շնորհիվ, մեծ իմաստով 2020-ի աշնանը մենք կորցրինք մեր նոր պատմության բոլոր ձեռքբերումները...
Անցած 34 տարիների ընթացքում հայ ժողովուրդը կրկին տարբեր առիթներով վերապրեց թուրք բարբարոսների հետ մեր բազմադարյա կյանքի բոլոր արյունոտ կողմերը` և ցեղասպանությունների շղթա, և տեղահանություններ, և Արցախի ու ՀՀ-ի տարածքների օկուպացիա և բնիկ ժողովրդի դեպորտացիա, և ամենօրյա հոխորտանքներ որ «իրենք պետք է թույլ տան որ մենք ապրենք մեր հայրենի հողի վրա» և վաղնջական հայեցի հուշարձանների ու պատմամշակութային արժեքների բռի սեփականաշնորհում ու մշակութային ցեղասպանություն,, ...
Ախր զարմանալին նրանում է, որ այսքանից հետո դասեր չենք քաղում ոչ անցյալի, ոչ ներկայի պատմությունից ու պատրաստ ենք ցեղասպանվելու համար կրկին թուրքի գիրկը նետվել...
Իսկ մի շարք դավաճաններ արդեն իսկ հերթ են կանգնել ու հանուն իրենց հարստության կարող են հրաժարվել նույնիսկ մարդկային էակին հատուկ բանականությունից...
Կրկնվում եմ, անհրաժեշտ է , ազդարարել արցախյան շարժման նոր փուլի մասին, որի մասնակիցներն, իրենց նորընտիր ազգային պայքարի առաջնորդներով հայ ժողովրդին նոր հաղթանակներ կբերեն, այլ ոչ թե նրան պարտվածի բարդույթով կրկին «կմիավորեն» ոխերիմ թշնամու հետ...
Մենք դեմ չենք ոչ իրական խաղաղությանը, ոչ էլ պետությունների ու ժողովուրդների համագործակցությանն ու բարեկամությանը, սակայն անհրաժեշտ պայմաններ թուրքադրբեջանական տանդեմի հետ նման հարաբերություններ կառուցելու համար դեռևս չկան, և չեն էլ կարող լինել քանզի նրանց գերագույն նպատակը,, պարտադրված խաղաղություն,, անվան տակ այս տարածաշրջանից հայ էթնոսին վերացնելն ու տեղահանելն է...