23/02/2022 22:02
Պատժամիջոցներին կտրվի ուժեղ և ամերիկյան կողմի համար զգայուն պատասխան․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին ուժեղ, ամերիկյան կողմի համար զգայուն պատասխան կտա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ն երկար տարիներ զուր ջանքեր է գործադրում՝ Ռուսաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտելու համար կիրառելով սահմանափակող գործիքներ ու պատժամիջոցներ, որոնք «անարդյունավետ են՝ հենց ամերիկյան շահերի տեսանկյունից»։
«Ռուսաստանն ապացուցել է, որ բոլոր տեսակի սահմանափակումների դեպքում ի զորու է նվազագույնի հասցնել պատճառված վնասը։ Պատժամիջոցներով ճնշումները չեն կարող ազդել սեփական շահերը պաշտպանելու մեր ամուր վճռականության վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ԱՄՆ-ին մեղադրել է շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն վարելու մեջ՝ նշելով, որ դա նրանց «արսենալում» մնացած միակ միջոցն է։
«Կասկածներ չպետք է լինեն՝ պատժամիջոցներին կտրվի ուժեղ, պարտադիր չէ՝ սիմետրիկ, բայց հստակ և ամերիկյան կողմի համար զգայուն պատասխան»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։