23/02/2022 21:29
Մրցութային հանձնախումբն ուսումնասիրում է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծերը․ արդյունքները կհրապարակվեն 14 օրից
Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան կանգնեցնելու մասին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայ նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների շրջանում։ Գաղափարի մասին հայտարարելուց հետո Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբին տարբեր նախագծեր են ներկայացվել։
Մրցութային հանձնախումբն այս օրերին աշխատանքային ակտիվ փուլում է, մանրամասն ծանոթանում է 200-ից ավելի մտահղացումներին ու գաղափարներին։
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը նշում է՝ պետք է 14 օրում հասցնեն լայնածավալ աշխատանք անել, ապա արդյունքները ներկայացնել հանրությանը։
«Մեկնարկը տրված է․ ծանրաբեռնված ենք, հայտերի քանակն աննախադեպ է»,- ասում է նա։
Հանձնախմբին իրենց աշխատանքներն են ներկայացրել ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Հարություն Չալիկյանը, ով քանդակել է Քրիստոսի համբարձման պահը։ Արթուր Ավագյանը երկու քանդակ է ներկայացրել՝ պատկերող Փրկչի գալուստը։ Մրցույթին իր աշխատանքն է ներկայացրել նաև քանդակագործ Խաչատուր Աղամալյանը՝ Ռուսաստանից։ Նա արձանն անվանել է «Հայտնություն»։
«Դեպի արարիչ»․ սա էլ Լոռու մարզից նկարիչ քանդակագործ Վահե Մնացականյանի ստեղծագործության անվանումն է։
Մրցույթին մասնակցող արվեստագետները, նկարիչներն ու քանդակագործները նշում են՝ երկրին իրենց մասնագիտությամբ նպաստելու առիթ է ընձեռվել, նախագիծը հետաքրքիր է, մրցակցությունը՝ բարձր։
Բոլոր նախագծերն ուսումնասիրելու համար մրցութային հանձնախումբը մոտ 2 շաբաթ ժամանակ ունի, իսկ քաղաքացիներն իրենց հարցերը, առաջարկները հանձնախմբին կարող են ուղղել՝ զանգահարելով 010 52 02 81, 044 48 43 48, 096 02 01 81 հեռախոսահամարներով։
Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։