23/02/2022 11:13
Հայաստանում փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը կհանվի (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նկատում են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի կայունացում:
Առողջապահութւան նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հաստատեց՝ այո, գնում է կայուն նվազման. հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, մահացել է 24 քաղաքացի:
«Այս պահին Հայաստանում շրջանառվում է «Օմիկրոն»-ի B1 ու B2 շտամերը: Կարծես, «Դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունենում են ծանր դեպքեր, լինում են նաև մահվան դեպքեր. պատվաստման առումով պետք է շարունակել պահել զգոնությունը:
«Մենք այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 միլիոն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47,9 տոկոսը, իսկ երկորրդ դեղաչափ ստացել է 905 հազար 624 քաղաքացի՝ 40 տոկոս», - նշեց նախարարը՝ հավելելով, որ երրորդ դեղաչափով պատվաստվել է 20 հազար 169 քաղաքացի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե նվազման տեմպը շարունակվելու է. հիմա քննարկում են դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը, անգամ, փակ տարածքներում:
Նախարարն էլ նշեց, թե վերանայելու են որոշ սահմանափակումներ. բժշկական կենտրոններում միայն պարտադիր կլինի դիմակ կրելը: