23/02/2022 19:00
Ինչպե՞ս մոտիվացնել երեխային ու հետաքրքրություն արթնացնել գրքի նկատմամբ․ խորհուրդներ հոգեբանից
Ինչու՞ երեխաները չեն սիրում գրքեր կարդալ, ինչի՞ց է, որ գեղարվեստական գրականությունը նրանց չի հետաքրքրում այնքան, որքան համակարգչային խաղերն ու համացանցը, ինչու՞ են դպրոցականները դժվարանում պատասխանել «Ո՞րն է քո ամենասիրած գիրքը» հարցին, փոխարենը շատ հեշտությամբ ու հաճույքով թվարկում են կոմիքսների, մուլտհերոսների անունները...
Այս հարցերին առաջինը պատասխանել է ամերիկացի հոգեբան Մայքլ Քոուլը։ Նա երկար ժամանակ շփվել է ժամանակակից երեխաների հետ, ուսումնասիրել փոքրերի ու դեռահասների վարքն ու հոգեբանությունը, ապա եզրահանգումներ արել, որոնք իրատեսական են ու վերաբերելի աշխարհի գրեթե բոլոր ծայրերում ապրող ժամանակակից գրեթե բոլոր հասարակություններին։
Նոր սերունդը գրքեր չի սիրում կարդալ, որովհետև գիրքը դադարել է գիտելիքի ստացման միակ աղբյուրը լինել։ Ժամանակակից երեխաները ինֆորմացիան ստանում են համացանցից։ Այս կամ այն հարցի պատասխանը գտնելու համար պարտադիր չէ գիրք կարդալ, համացանցում «բոլոր հարցերի» պատասխանները կան։
Ընթերցանությունը ժամանակակից երեխայի համար մեխանիկական պրոցեսի է վերածվել։ Նոր սերնդին դասական գրականությունը, հեքիաթները, պոեզիան հետաքրքիր ու հաճելի չեն։
Սոցցանցերում կարճ ու ձևափոխված բառերի, արտահայտությունների գործածումը, զգացմունքները հատուկ նշաններով արտահայտելու հնարավորությունը ակամայից աղքատիկ են դարձնում երեխայի բառապաշարը, միտքը շարադրելու ունակությունը։
Ծնողներն իրենց հերթին լավ օրինակ չեն ծառայում երեխաներին։ Երեխաները տեսնում են, որ հայրիկն ու մայրիկն էլ առանձնապես տարված չեն ընթերցանությամբ, երեկոներն անց են կացնում կամ հեռուստացույցի առջև, կամ համակարգչի և ընդօրինակում են նրանց։ Միևնույն ժամանակ երեխաների մոտ կարծիք է ձևավորվում, որ ընթերցանությունը, դասական գրականություն կարդալն «անիմաստ զբաղմունք է»։
Փոխվել են չափանշները։ Եթե նախկինում գրագետ ու կրթված մարդիկ հասարակության սերուցքն էին՝ էլիտան, իսկ կյանքում հաջողությունների կարելի էր հասնել միայն գիտելիքի շնորհիվ, ապա այսօր երեխաների աչքի առջև բոլորովին այլ պատկեր է ու բազմաթիվ այլ օրինակներ։
Փոքրիկների ու պատանիների երևակայությունը զարգացած չէ։ Բազմազան ու բազմաժանր, համակարգչային վերջին հնարքներով հագեցած մուլտֆիլմերն ու վիդեոարտադրանքը սահմանափակում են երևակայությունը զարգացնելու հնարավորությունը։ Երեխաների կյանքն առանց գրքերի էլ գույներով «հագեցած» է դառնում։
Որքան շատ են ծնողները նախատում երեխային և ստիպում, հարկադրում գիրք կարդալ, այնքան մեծանում է հակառակն անելու՝ չկարդալու ցանկությունը։ Երեխան այդպիսով իր բողոքն է արտահայտում։ Այս հարցում կարևոր է ծայրահեղությունների գիրկը չընկնելը։
Ինչպե՞ս մոտիվացնել երեխային ու հետաքրքրություն արթնացնել գրքի նկատմամբ
Սկզբի համար փորձեք երեխայի հետաքրքրությունը շարժել՝ նրան առաջարկելով ընթերցել գրքեր, որոնց մոտիվներով հայտնի մուլտֆիլմ կամ կինոֆիլմ կա, որոնք փոքրիկը դիտել է ու սիրում է։ Այդ դեպքում նա շատ չի լարվի՝ պատկերացնելիս կամ ուղեղում վերատադրելիս նկարագրվող իրադարձությունները, դրանց վայրն ու հերոսներին։ Նա պարզապես կհիշի կինոֆլիմի կադրերը և շատ չի հոգնի։ Հետո, երբ ընթերցանության նկատմամբ որոշակի հետաքրքրություն առաջանա, առաջադրանքները կարելի է աստիճանաբար «բարդացնել»։
Մի ստիպեք երեխային անհետաքրքիր գրքեր կարդալ։ Ընտրեք մանկական, թեթև ու գրավիչ սյուժեով գրքեր։ Գրապահարանը հարստացրեք մանկական գունազարդ գրականությամբ։ Գրքերն ընտրեք՝ հաշվի առնելով երեխայի տարիքն ու նախասիրությունները, հետաքրքրությունները։
Օրինակ ծառայեք երեխային, նրանք փոքրուց ընդօրինակում են ծնողներին։ Երեխան պետք է ամենավաղ տարիքից տեսնի և ընկալի, որ գիրք կարդում են նաև հայրիկն ու մայրիկը։
Կես տարեկանից սկսած՝ երեխային գեղեցիկ նկարազարդումներ, մանկական գրքերից նկարներ ցույց տվեք, աստիճանաբար, երբ երեխան սկսի հասկանալ խոսքը, պատմեք նրան՝ ինչ է պատկերված նկարներում, ամենափոքր տարիքից մանկական ոտանավորներ ու հեքիաթներ կարդացեք փոքրիկի համար։ Երեխան պետք է մանկույց լսի գեղարվեստական խոսքը։
Ամենափոքր տարիքից սկսած՝ երեխային ոտանավորներ սովորեցրեք։ Դա զարգացնում է խոսքը։ Հետագայում, երբ երեխան սկսի կարդալ, ավելի հեշտ կընկալի բովանդակությունը, մեխանիկական ընթերցանության՝ տառերն իրար հետևից ճիշտ դասավորելու և ճիշտ վերարտադրելու փոխարեն, կհասկանա շարադրանքի էությունը, կգնահատի հերոսների արարքները, համեմատություններ կանի, այսպիսով՝ ակամայից կզարգանա նաև վերլուծական միտքը։
Միասին պատմություններ հորինեք կամ նոր վերջաբան՝ արդեն ծանոթ պատմություններին ու հեքիաթներին։ Ավելացրեք նոր հերոսներ, հորինեք նոր սյուժեներ, փոխեք իրադարձությունների ընթացքը։ Սա կօգնի զարգացնել երեխայի երևակայությունը։
Երկխոսություններով ու հերոսներով հարուստ մանկական պատմվածքներ կամ հեքիաթներ ընտրեք ու դրանք կարդացեք բարձրաձայն՝ ըստ դերերի, ընտանիքի բոլոր անդամներով։ Դերերը բաշխեք հայրիկի, մայրիկի ու փոքրիկների միջև, ապա «մրցեք»՝ ո՞վ կարող է ավելի գեղարվեստորեն, հերոսին ավելի նման ու նրան ավելի բնորոշ վերարտադրել վերջինիս խոսքը։
Տանը մանկական ներկայացումներ բեմադրեք ՝ ըստ սիրված պատմվածքի կամ հեքիաթի սյուժեի։ Թատերական ներկայացմանը ներգրավեք ընտանիքի բոլոր անդամներին, երեխայի ընկերներին։ Այս հնարքը շատ է գրավում փոքրիկներին, նրանք ակամայից նոր պատմություններ են ուզում կարդալ՝ նոր ներկայացումներ բեմադրելու ու դրանցում խաղալու համար։
Գրքերի, դրանց հերոսների, սյուժեում նկարագրված իրադարձությունների, կարդացածից ստացած տպավորությունների մասին զրուցեք երեխայի հետ, հարցրեք նրա կարծիքը, նրբանկատորեն մատուցեք ձերը, ուղղորդեք երեխային՝ առանց հարկադրանքի։ Նոր ու հետաքրքիր, դեռ չկարդացած գրքերի մասին պատմեք փոքրիկին, շահագրգռեք նրան՝ բացահայտելու նորը․ նոր աշխարհներ, որտեղ ամեն ինչ հետաքրքիր է ու տարբերվող։
Ու հիշեք ամենակարևորը՝ գրքի հանդեպ սերն ու ամենօրյա պարտադիր ընթերցանությունը տարբեր բաներ են։ Վախեցնելով, ստիպելով, հարկադրելով, պատժելով հնարավոր չէ սեր արթնացնել գրականության նկատմամբ, իսկ ամենօրյա ընթերցանությամբ երեխան ինքնուրույն էլ կզբաղվի, եթե սիրի գիրքը՝ ձեր նրբանկատ մոտեցման ու մատուցման շնորհիվ։
Ինքներդ սիրեք գիրքը, ու ձեր երեխան կհետևի ձեր օրինակին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։