23/02/2022 18:10
Ինչպես պետք է սնվի 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդը. Սննդաբանի խորհուրդները
Սննդաբան Հասմիկ Աբովյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պիտի սնվեն բացառապես առողջ սննդակարգի կանոններին հետևելով. «Եթե առողջական խնդիրներ չունեցող մարդկանց երբեմն թույլատրելի են խախտումներ, ապա ճարպակալում, դիաբետ ունեցողները զրկված են անկաշկանդ սննդակարգից»։
Ոսկե կանոն ըստ սննդաբանի՝
- անպայման նախաճաշել
- սնվել օրական 5-6 անգամ փոքր չափաբաժիններով
- ուտել հստակ ժամերի
- ընդունել բազմազան սնունդ
- ուտել միայն քաղցած ժամանակ
Անկանոն սնվելու սովորությունից ազատվելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս աչքի առջևից հեռացնել սիրելի ուտելիքները, որպեսզի անընդհատ ծամելու ցանկություն չառաջանա։
- Մեկ անգամվա սննդի չափաբաժինը պետք է լինի 200-ից 250 գրամ կամ նույնքան միլիլիտր
- Սահմանափակել աղի չափաբաժինը. օրական թույլատրվում է 1.5-ից 3 գրամ աղ
- Բացառել սննդակարգից մշակված միսը (երշիկեղեն)
- Զգույշ լինել մրգերի հանդեպ. շաքարային դիաբետ ունեցողներին խորհուրդ է տրվում մրգերը փոխարինել հատապտուղներով, որ հարուստ են կոպիտ բջջանքով
- Սնվելը չդարձնել զբաղմունք կամ հաճույք, կամ չզուգակցել նախընտրելի զբաղմունքներին՝ օրինակ սնվելով հեռուստացույց դիտել
Շաքարի «թույլատրելի» նորման
Առողջ մարդկանց համար օրվա շաքարի թույլատրելի նորման 2-3 թեյի գդալն է, սննդաբանն ասում է՝ կարևոր է հասկանալ՝ քանի որ օրվա ընթացքում մարդն ընդունում է մթերքներ՝ ածխաջրերով հարուստ, որոնք ի վերջո օրգանիզմում վերածվում են շաքարի, ապա մաքուր շաքարին «հերթ» այդպես էլ չի հասնի։ Ածխաջրերով հարուստ են ձավարեղենը, մակարոնը, հացը, կարտոֆիլը, լոբազգիները։
Առողջական խնդիրներ չունեցող մարդիկ կարող են թույլ տալ ածխաջրերով հարուստ սննդակարգի հետ նաև մաքուր շաքարի օգտագործում, բայց այն գիտակցմամբ, որ եթե չի արգելվում, դեռ չի նշանակում, որ օգտակար է։
Ըստ սննդաբանի կա մեկ բան, որ բոլորը պետք է բացառեն սննդակարգից՝ քաղցր հյութերը. կոմպոտ, լիմոնադ, թե թարմ քամած հյութեր օրգանիզմը շատ արագ հագեցնում են մեծ քանակի շաքարով։ Որևէ օրգանիզմ պատրաստ չէ այդ արագության և քանակի շաքարի յուրացման։
Սպիտակ շաքար, թե շագանակագույն եղեգնաշաքար
Սննդաբանն ասում է՝ երկուսն էլ նույնքան վտանգավոր են, միակ տարբերությունը գինն է, այն էլ ոչ արդարացված. շագանակագույն եղեգնաշաքարն ավելի թանկ է, քան սպիտակը։ Եթե սպիտակը մշակվում է, շագանակագույն եղեգնաշաքարն անգամ չի մշակվում։
Ինչով փոխարինել սպիտակ շաքարը
Մասնագետն առաջարկում է սպիտակ շաքարի փոխարեն օգտագործել բուսական փոխարինչներ. խրախուսելի է ստեվիայի (մեղրախոտ) կիրառումը։
Սննդաբանն առաջարկում է կատեգորիկ բացառել ֆրուկտոզան, չօգտագործել ասպարտամ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։